Մենք չէինք պատրաստվում գրոհել ՌԴ դեսպանատան շենքը, մենք մեր արդար պահանջն էինք ներկայացնում. Արգիշտի Կիվիրյան
ОбществоՀայտնի է, որ Երևանում և Գյումրիում հունվարի 14-ին և 15-ին տեղի ունեցան բողոքի ակցիաներ՝ Պերմյակովին Հայաստանի իրավազորությանը հանձնելու պահանջով: Եղան բախումներ, վիրավորներ, իսկ որոշ ակտիվիստներ բերման ենթարկեցին: Orer.am-ը զրուցել է Արգիշտի Կիվիրյանի հետ, որը նույնպես բերման էր ենթարկվել իրավապահ մարմինների կողմից: Նրան խնդրեցինք մեկնաբանել ոստիկանների գործողությունների իրավաչափության հարցը: Ակտիվիստը նշեց, ոստիկանությունը կոպտորեն խախտել է «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը: Ըստ Կիվիրյանի՝ իր և մյուսների բերման ենթարկելը տեղի է ունեցել առանց իրավական հիմնավորման. ոլորում էին մարդկանց ձեռքերը և բռնի կերպով նստեցնում էին ոստիկանական ավտոմեքենաները: Նշենք, որ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Երևանում բերման ենթարկվածներից երկուսի մոտ զենք է հայտնաբերել: Արգիշտի Կիվիրյանն այդ հայտարարությունները համարում է անհիմն` ավելացնելով, որ իրեն առաջին անգամ բերման ենթարկեցին Ռուսաստանի դեսպանատան մոտից, այնուհետև Ազատության հրապարակի տարածքից: Կիվիրյանի նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով՝ ոստիկանության աշխատակցի օրինական պահանջները չկատարելու հոդվածով: «Մենք չէինք պատրաստվում գրոհել ՌԴ դեսպանատան շենքը, պարզապես մեր արդար պահանջն էինք ներկայացնում, որպեսզի մեղադրյալը լինի Հայաստանի իրավապահ մարմինների վերահսկողության ներքո: Ցանկալի կլիներ, որ մեր իրավապահներն այդքան ջանասիրաբար զբաղվեին Գյումրիի սպանության մեղադրյալի գործերով, այլ ոչ թե սեփական քաղաքացիների բողոքի ձայնը ճնշելով»,-փոխանցեց Կիվիրյանը:
Լևոն Փանոսյան