Անիի ավերակների տակ թունելների հսկայական ցանց կա. թուրք հետազոտող
Թուրքիայի և Հայաստանի սահմանին գտվող և շուրջ 5000 տարվա պատմություն ունեցող պատմական հայկական Անի քաղաքի տակ հայտնաբերվել են գաղտնի թունելներ, սենյակներ, խցեր, հսկայական միջանցնքեր, անհավանական անկյուններ և թակարդներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Hurriyet Daily News-ը, այս մասին Կարսի Կովկասյան համալսարանում կայացած «Միջազգային Անի-Կարս սիմպոզիումի» ժամանակ հայտնել է պատմաբան Սեզայի Յազիջին:
Նա նշել է, որ քաղաքի տակ գտնվող գաղտնի թունելներն այնքան խճճված են, որ կարող են ցանկացած մարդու շեղել ճիշտ ուղղությունից: Յազիջին նշել է, որ 2011 թվականին իր հետազոտությունների ժամանակ հանդիպել է շատ կարևոր տեղեկատվության. 20-րդ դարի ականավոր դեմքերից մեկը' Գեորգի Իվանովիչ Գուրջիևը, ով իր մանկության և պատանեկության տարիների մեծ մասն անց է կացրել Կարսում, 1880-ական թվականներին իր ընկեր Պողոսյանի հետ երկար ժամանակ աշխատել է Անիի մեկուսի վայրերից մեկում: Օրերից մի օր Անիի թունելներից մեկը փորելու ժամանակ նրանք հայտնաբերում են մեկ այլ' նոր ու նեղ թունել, որը փակված է եղել քարերով: Քարերը հեռացնելուց հետո նրանք այստեղ հայտնաբերում են սենյակ, որտեղ եղել են հնացած կահույք, կոտրված ծաղկամաններ և կաթսաներ: Թեպետ Գուրջիևը փայլուն խոսել է հայերեն, այդուհանդերձ նա չի կարողացել կարդալ այնտեղ եղած հայերեն գրությունները, քանի որ դրանք եղել են հին հայերենով: Ավելի ուշ նրանք պարզել են, որ գրությունները նամակներ են եղել, որոնք մի վանականը հասցեագրել է մեկ այլ վանականի: Ի վերջո Գուրջիևն իմացել է, որ այստեղ 6-7-րդ դարերի ընթացքում գործել է դպրոց և վանական համալիր:
Յազիջիի համոզմամբ՝ Գուրջիևն առաջինն է եղել, որ հիշատակել է Անիի ավերակների տակ գտնվող վանական համալիրի մասին: Թուրք հետազոտողի համոզմամբ' պատմական հայկական մայրաքաղաքի տակ կան շուրջ 823 ստորգետնյա կառույցներ և քարանձավներ, որոնք տեղակայված են 500 մետր խորության վրա: Յազիջին համոզմունք է հայտնել, որ Թուրքիայի զբոսաշրջության և մշակույթի նախարարությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի այս վայրերին և կառուցի հետիոտնի համար նախատեսված ճանապարհներ: