ՀՀ քաղաքացու կողմից ադրբեջանական սահմանը հատելու տեղեկությունը չի հաստատվել
Ադրբեջանի սահմանը Հայաստանի քաղաքացու հատելու մասին տեղեկությունն «Արմենպրես»-ն այս պահին չի կարող հաստատել: Տավուշի մարզի սահմանամերձ որևէ գյուղում այս պահին բացակայող ՀՀ քաղաքացիներ չկան: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցին սահմանամերձ գյուղերի գյուղապետերը:
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ Ղազախի շրջանում սահմանն անցած քաղաքացին չի կարող հայ զինծառայող լինել, և իրականությանը չեն համապատասխանում Ադրբեջանում արդեն հնչող այն պնդումները, թե վնասազերծվել է դիվերսանտ: Հովհաննիսյանն ասել է, որ ՀՀ Զինված ուժերն առօրյա ծառայություն են իրականացնում, և որ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրը իրականությանը չի համապատասխանում:
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն Հանրային հեռուստատեսության «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է, որ տեղեկություններ կան, որ օգոստոսի 26-ին, օրվա երկրորդ կեսին, անծանոթ անձը մոտեցել է Նոյեմբերյանի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետերի պայմանագրային զինծառայողների ուղղությամբ, ներկայացել որպես ոսկեվանցի, խոսել աղավաղված հայերենով, սխալ շեշտադրումներով, թույլտվություն խնդրել մոտենալ մեր դիրքապահներին: «Երբ մեր դիրքապահները հարցուփորձ են արել, նա չի կարողացել պատասխանել և փախել է ադրբեջանական կողմի ուղղությամբ» - ասել է Աբովյանը: Հատկանշական է, որ որևէ բացակայող չկա նաև Ոսկևանում:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, իբր ադրբեջանական Ղազախի շրջանի Քեմեռլի գյուղ է անցել Հայաստանի քաղաքացի, որի անձնական տվյալներն ադրբեջանական կողմը չի հաղորդում: Ադրբեջանական մի քանի լրատվամիջոց շտապել է դեռևս ինքնությունն անհայտ անձին դիվերսանտ որակել: