Պուտինն ու Պորոշենկոն հանդիպեցին` շահեց Լուկաշենկոն
Международные новостиԱյսօր բոլորի ուշադրության կենտրոնում Մինսկն էր, որտեղ տեղի էր ունենալու Մաքսային միության անդամ երկրների, Ուկրաինայի նախագահների ու Եվրամիության ներկայացուցիչների հանդիպումը: Գագաթաժողովն, անկախ հետագա արդյունքներից, կայացավ:
Ավելին, չնայած հոռետեսական կանխատեսումներին՝ դրան հաջորդեց Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Պետրո Պորոշենկոյի երկու ժամանոց առանձնազրույցը:
Դժվար է ասել՝ ինչ կտան այս գագաթաժողովն ու առանձնազրույցը ուկրաինական ճգնաժամի հաղթահարման գործընթացին, բայց մի շահող արդեն կա: Դա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն է, որի միջնորդական առաքելությունն, անկասկած, կբարձրացնի նրա հեղինակությունը թե իր երկրի ներսում եւ թե միջազգային հարաբերություններում:
Ընդհանրապես, հատկանշական է, որ, ի տարբերություն Պուտինի, ով անընդհատ խոսել է Ուկրաինայի եվրոասոցացման տնտեսական վնասների մասին՝ թե Լուկաշենկոն, թե Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առավելապես կարևորել են ուկրաինական ճգնաժամի հաղթահարումը՝ ջերմ առանձնազրույցներ ունենալով ուկրաինացի իրենց գործընկերոջ հետ: Այս հանգամանքն ապացուցում է, որ նույնիսկ ուկրաինական հարցում Մաքսային միությունը չի կարող ձևավորել միասնական դիրքորոշում:
Ավարտված բանակցությունների մյուս ուշագրավ հանգամանքն այն է, որ Պորոշենկոն առաջարկել է հիմք ընդունել իր կողմից առաջարկված կարգավորման ծրագիրն, որը ենթադրում է Ուկրաինայում իշխանության որոշակի ապակենտրոնացում:
Ինչ են խոսել Ուկրաինայի ու Ռուսաստանի նախագահները փակ դռների հետևում՝ պարզ չէ, սակայն նրանց հանդիպմանը հաջորդել է Մինսկում գտնվող Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Քեթրին Էշթոնի հայտարարությունը. նա Պուտին-Պորոշենկո հանդիպումը կառուցողական է համարել ու առաջարկել է բանակցություններ սկսել՝ հրադադարի եւ ուկրաինական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ: Սակայն առայժմ վաղաժամ է խոսել արդյունքների մասին, մանավանդ որ՝ Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահները՝ թեև խոսել են նույն լեզվով, սակայն տարբեր բովանդակությամբ ու շեշտադրումներով....