ԱԱԾ նախկին պաշտոնյան թուրքական հետք է տեսնում Գյումրիի հանցագործության մեջ
ОбществоԱզգային անվտանգության նախկին փոխնախարար, ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանն այսօր լրագրողներին հայտնել է, որ Գյումրիի հրեշավոր սպանդը ունեցել է հստակ ձեռագիր, ինչի մասին փաստեց նաև մարդասպանը: Այս մասին տեղեկացնում է Orer.am-ը: Ըստ ԱԱԾ նախկին պաշտոնյայի՝ Գյումրիում առաջին հայացքից տեղի է ունեցել անհասկանալի, անտրամաբանական սպանություն. մարդասպանը դեպքի վայրում թողել է հետքեր և իրեղեն ապացույցներ՝ կոշիկներ, համազգեստ և ինքնաձիգ: Պարոն Եղիազարյանը վարկած է առաջ քաշեց այն մասին, որ այստեղ թուրքական հետք կա և սա կարող է լինել թուրք-ադրբեջանական հատուկ ծառայությունների գործը: «Տեսան, որ հայ-ռուսական բարեկամությունը ջլատել և խարխլել չի լինում: Պետք էր մի պայթյուն: Պայթյունը կատարեցին այդ ստորի ձեռքով»,-համոզմունք է հայտնել ՀԱԿ ներկայացուցիչը: Եղիազարյանը դեմ է, որ ռուսական ռազմաբազան դուրս գա Գյումրիից: Նրա պնդմամբ՝ այդ դեպքում մեծ խնդիր կառաջանա հայ-թուրքական սահմանը պահելու հետ կապված, քանի որ Գյումրիից 10 կմ դեպի արևմուտք կանգնած է Եվրոպայի ամենահզոր հրասայլային միավորներից մեկը, դրանից 30 կմ հեռավորության վրա՝ Էրզրումում, կանգնած է երկրորդ ամենահզոր հրասայլային միավորը: Ելնելով այս ամենից՝ Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ Գյումրիի ռազմաբազան մեզ պետք է օդ ու ջրի նման: Եզիազարյանը նշում է, որ հանցագործից բացի, պետք է նաև դատել նրանց, ում աչքի առաջ նա դուրս է եկել բազայից: Խոսելով այս ոճիրի դասերի մասին, բանախոսն ասում է, որ մենք ունենք խայտառակ աշխարհագրական դիրք և պետք է պահանջել ռազմաբազայի ղեկավարությունից ստեղծել անվտանգության գոտի: