Վրաստան այցելող քաղաքացիները պետք է տեղյակ լինեն նոր օրենքին
Վրաստան այցելության պատրաստվող օտարերկրյա, այդ թվում Հայաստանի քաղաքացիները պետք է տեղեկացված լինեն այդ երկրում ս.թ. սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Օտարերկրյա և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքին, որն առնչվում է Վրաստան մուտք գործելու, այնտեղ ժամանակավոր կամ մշտական բնակվելու կամ ուղղակի այցելելու կարգին:
«Ասոցացման համաձայնագրի» ստորագրման շրջանակներում Վրաստանը քայլեր է ձեռնարկում իր օրենսդրությունը ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ, և վերոնշյալ օրենքի ընդունումը կապված է հենց նշված գործընթացի, ինչպես նաև միգրացիոն քաղաքականության էֆեկտիվ իրականացման հետ: Ինչևէ, նոր կարգի համաձայն, 180 օրվա ընթացքում ավելի քան 90 օր Վրաստանի տարածքում հաստատվելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիները համապատասխան փաստաթուղթ (կացության կարգավիճակի քարտ) պետք է ունենան, որը տրվում է մինչև 6 տարի ժամկետով:
Հ.Գ. Այցելության մեկնող ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել Վրաստանի տարածք նախկինի պես՝ առանց մուտքի վիզայի: