Այսպիսի տղաների շնորհիվ՝ ոչ ոք երբեք չի կարող խախտել հայոց երկրի անդորրը. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան
Եկեղեցին անտարբեր չի կարող լինել իր զավակների նկատմամբ, ինչ աստիճանի պաշտոն էլ նրանք ունենան` հատկապես նրանց նկատմամբ, ովքեր իրենց կյանքից առավել ուրիշների կյանքի համար են պայքարում, ուրիշների կյանքն է իրենց կյանքից մեծ դրված զոհասեղանի կամ սեղանի վրա: Այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցի ժամանակ, ասաց Մայր Աթոռի Հայեցակարգային գրասենյակի ղեկավար, Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
«Մայր Աթոռն ունի ԶՈՒ հոգևոր առաջնորդությունը, և մենք շնորհակալ ենք իրենց աջակցության և քաջալերանքի համար՝ այս ուխտագնացությունը կազմակերպելու: Բնականաբար, մեզ համար շատ կարևոր էր տեսնել, թե հոգևոր աստիճանի վրա մեր զինվորներն ինչպես են իրենց զգում: Սպայական կազմը, բոլոր նրանք, ովքեր այս օրերին անընդհատ գտնվել են մեր զինվորի կողքին, նրանք բոլորը հիացմունքով են արտահայտվում մեր զինվորների դրսևորած հոգու և ոգու մասին, և մեր հոգևոր սպասավորներն էլ, հոգևոր ծառայողներն էլ, գիշեր, թե ցերեկ, գտնվում են իրենց եղբայրների կողքին»,- նշեց Բագրատ Սրբազանը:
Նա նաև շնորհակալություն հայտնեց բոլոր ծնողներին, որ նման քաջ և առյուծ զավակներ են աշխարհ բերել և դաստիարակել:
«Զինվորների ծնողներին մաղթում եմ երբեք արցունք չունենան իրենց աչքերին, իրենց զավակներին կարողանան ջերմությամբ դիմավորել իրենց տներում, օջախներում, որպեսզի պատերազմի շունչը հեռու գնա մեր երկրից»,- ասաց նա և հավելեց. «Մեր դիմաց ընդհանուր հակառակորդ է կանգնած, որն ամեն վայրկյան փորձում է տագնապի մատնել մեր ժողովրդին, բայց այսպիսի տղաների շնորհիվ՝ ոչ ոք երբեք չի կարող խախտել հայոց երկրի անդորրը»:
Նշենք, որ լրագրողների այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կազմակերպել էր Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը՝ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ և World Vision Հայաստանի աջակցությամբ: