Մինսկի հանդիպումը փաստեց, որ ԵՄ-ն ՌԴ-ին շարունակում է տեսնել որպես գործընկեր. քաղաքագետ
Մինսկում կայացած ՌԴ-Ուկրաինա-ԵՄ ղեկավարների հանդիպումն, ըստ ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովի, ներկայացրեց մի շարք ձևաչափեր և դիրքորոշումներ, որոնք կարևոր են ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Մարգարովը կարևորում է, որ հանդիպման արդյունքներից մեկը' հետագայում ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը վերաբերելու է միայն ՌԴ-ին և Ուկրաինային, իսկ բանակցությունների կազմակերպումն ու կարգավորումը կկատարվի ԵԱՀԿ-ի շրջանակներում: Ըստ քաղաքագետի՝ հանդիպման կարևորագույն արդյունքներից մեկն էլ այն է, որ փաստվեց' ԵՄ-ն ՌԴ-ին տեսնում է պոտենցիալ գործընկեր, որի մասնակցությունը տարբեր գործընթացներում կարևորում է և առանց նրա մասնակցության մի շարք հակամարտություններ հնարավոր չի լինի կարգավորել:
«Մինսկում կայացած հանդիպման նպատակն էր, որ կողմերը նվազեցնեն առկա լարվածությունը: Կարևոր է նոր ձևաչափը, որը ներառում է Ուկրաինան և ՌԴ-ն ԵԱՀԿ միջնորդությամբ, որպես հակամարտության կարգավորող կողմ: Կողմերը տեսնում են, որ հակամարտության արդյունքը բերում է լուրջ քաղաքական և տնտեսական վնասներ, որոնք ազդում են թե՛ ՌԴ-ի, թե՛ Ուկրաինայի վրա»,- ասաց Մարգարովը' հավելելով, որ դեռևս հստակ չէ, թե հակամարտության կագավորումը որ ճանապարհով կգնա և ինչպիսի մոտեցում կընտրվի:
«Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարների մոտ ախորժակները գնալով բացվում են և նրանք խոսում են ոչ թե դաշնայնացման, այլ անկախ կարգավիճակի ձեռք բերման մասին: Այս պարագայում կարևորն այն է, թե ինչ մոտեցում կընտրվի: Արդյո՞ք ՌԴ-ն կգնա Ուկրաինայի պոտենցիալ մասնատման, թե կնախընտրի կառուցողական երկխոսությունը խնդրի կարգավորման համար: Հենց այս մոտեցումների ընտրությունն էլ կբերի հակամարտության կարգավորման ավելի գործնական փուլին»,- ասաց քաղաքագետը' հավելելով, որ, այնուամենայնիվ, կարգավորման համար կպահանջվի հսկայական ժամանակ:
Օգոստոսի 26-ին Մինսկում կայացել է ՌԴ-ԵՄ-Ուկրաինա հանդիպումը, որի շրջանակներում բանակցել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: