Ազգային ժողովում պաշտոնական շրջանառության մեջ է դրվել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած ԱԺ հայտարարության նախագիծը 2015 թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությունների կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, շրջանառության մեջ դրված հայտարարության նախագծում նշվում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հարգում են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության՝ ռազմական ոլորտում առկա երկկողմ պայմանագրերը:
«Վերոնշյալ պայմանագրերը ենթադրում են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև երկկողմ հարգանք և համագործակցություն: Գյումրի քաղաքում տեղի ունեցած՝ Ավետիսյանների ընտանիքի սպանությունը ոչ միայն իր դաժանությամբ է ցնցել հայ հանրությանը, այլ նաև այդ եղեռնագործության քրեական վարույթի իրականացումը և մեղադրյալին կալանքի տակ վերցնելը Ռուսաստանի Դաշնության կողմից արդարացի և իրավաչափ բողոք է բարձրացրել հասարակության շրջանում:
Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանապահ կառավարման ղեկավար մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության սահմանը խախտող անձի փոխանցումը 102-րդ ռազմաբազայի ղեկավարությանը խախտել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի և «Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսաստանյան սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին» (30 սեպտեմբերի, 1992թ.) և «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմաբազայի մասին (16 մարտի 1995 թ.) Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված պայմանագրերը: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարում է՝ հետամուտ է լինելու եղեռնագործության բացահայտմանը, ակնկալում է հանուն արդարության, օրինականության վերականգնման և հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության՝ Ռուսաստանի Դաշնությունից ողջամիտ որոշում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների օրինական պահանջը բավարարելու համար առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին անհապաղ փոխանցել Հայաստանի Հանրապետության իշխանություններին»: