Ադրբեջանին հասկացնում են, որ իր ռազմատենչ քաղաքականությունը հեռանկար չունի. Խոսրով Հարությունյան
Международные новостиԼեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման և միջազգային ճանաչման գործընթացը դանդաղորեն, բայց համառորեն առաջ է շարժվում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Կալիֆորնիայի սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունմանը: «Կալիֆորնիան Միացյալ Նահանգների առաջին նահանգը չէ, որի իշխանությունները ճանաչում են Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Սա խոսում է այն մասին, որ արցախյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացքում Հայաստանի որդեգրած քաղաքականությունը միանգամայն արդյունավետ է: Սա խոսում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետության նախագահի ջանքերն՝ ուղղված միջազգային հանրության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը, տալիս են իրենց արդյունքները: Սա խոսում է այն մասին, որ Հայաստանի իշխանությունները սփյուռքյան մեր կառույցների հետ շատ արդյունավետ համագործակցություն ծավալելով, աշխարհի տարբեր երկրներում, տվյալ դեպքում աշխարհի ամենաազդեցիկ երկրներից մեկի հերթական նահանգում հասել են լուրջ արդյունքների Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման միջազգային ճանաչման հարցում»,- ասաց Հարությունյանը:
Պատգամավորը նշեց, թե սա խոսում է նաև այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն իսկապես այլընտրանք չունի: «Միջազգային հանրությունն արդեն անուղղակի մեսիջներ է ուղարկում Ադրբեջանին, որ նրա ռազմատենչ քաղաքականությունը որևէ հեռանկար չունի և որ դա կարող է կործանարար լինել սեփական ժողովրդի համար»,- ասաց նա:
Հարությունյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման շարունակվող գործընթացը կապում է նաև Հայաստանի արտաքին հաջող քաղաքականության հետ: Նա կարծում է, որ Հայաստանի Հանրապետությունը իր հավասարակշռված և զուսպ արտաքին քաղաքականության, ինչպես նաև ՀՀ նախագահի ջանքերի արդյունքում օր օրի բարձրացնում է իր միջազգային հեղինակությունը, ի հեճուկս այն պնդումների, թե Հայաստանը կորցրել է վստահելի գործընկերոջ կարգավիճակը:
«Նույնիսկ համաձայնեք, որ Հայաստանի քաղաքական վարքագիծը՝ կապված Մաքսային միության կամ Եվրոպական միության հետ համագործակցության հետ նույնպես արդյունավետ է, քանի որ վերջերս եվրոպական մեր գործընկերները խոսում են Հայաստանի համար ասոցացման ադապտացված պայմանագրի մասին : Այսինքն, այստեղ նախապատվությունը սկսում է տրվել Հայաստանի քաղաքական ղեկավարության կողմից առաջ քաշվող թեզին»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այս ամենն անուղղակիորեն մեկը մյուսի հետ կապված է: