Միջպետական նշանակության ճանապարհներին սեպտեմբերի 1-ից գործարկվելու են նոր արագաչափեր
Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին 2014թ. սեպտեմբերի 1-ից գործարկվելու են երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման նոր արագաչափ սարքեր: Մասնավորապես, սեպտեմբերի 1-ից «Մ-12 Գորիս-ԼՂՀ սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 1-ին կմ-ում (Գորիս քաղաքի վարչական տարածք, Արցախյան խճուղի) գործարկվելու է 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
«Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 115-րդ կմ-ում (Սպիտակ քաղաքի վարչական տարածք) գործարկվելու է 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Երևան քաղաքի Էրեբունի փողոցում գործարկվելու է 2 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
2014 թվականի սեպտեմբերի 1-ից Երևան քաղաքի մի շարք դպրոցներին հարակից ճանապարհահատվածներում ևս կգործարկվեն նոր տեղադրված արագաչափ սարքեր: Մանասվորապես, Տիգրան Պետրոսյան փողոցում գործարկվելու է 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 40կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ, Ա. Ավետիսյան փողոցում՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 40կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ, Ռուբինյանց փողոցում՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 40կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ, Օրբելի փողոցում՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 40կմ /ժ թույլատրելի առավելագույն արագությամբ: Առավելագույն թույլատրելի արագության 40 կմ/ժ սահմանափակումը գործելու է միայն աշխատանքային օրերին' 08:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում: