Կալիֆորնիայի Սենատի որոշումն ամրագրում է Արցախի սուբյեկտությունը. Շավարշ Քոչարյան
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատի՝ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու որոշումը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ օգոստոսի 28-ին կառավարության նիստից հետո ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, մասնավորապես, նշեց. «Չափազանց կարևոր է այդ որոշումը, որովհետև ամեն անգամ նմանատիպ բանաձևերով ամրագրվում է Արցախի սուբյեկտությունը»:
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատն օգոստոսի 27-ին 23/0 ձայների հարաբերակցությամբ ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող AJR 32 բանաձևը: Բանաձևը սենատին ներկայացրել է սենատոր Քևին դե-Լեոնը' նշելով, որ այդ տարածաշրջանը հայկական պատմական տարածք է և մոտ 100 տոկոսով բնակեցված է հայերով: «Այս տարածաշրջանի էթնիկ հայերը չափազանց շատ են տառապել անցած դարում, և նրանց տառապանքները շարունակվում են նաև այս դարում: Նրանք արժանի են ունենալ ազատ-անկախ հայրենիք' չգտնվելով հալածանքների վտանգի տակ: Այս տարի մենք նշում ենք Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակը, և մեր սովորած դասերից մեկն այն է, որ մի էթնիկ խումբը չպետք է իշխի մյուսի վրա»,- նշեց սենատորը: Բանաձևի օգտին ելույթ ունեցան նաև սենատորներ Թոմ Բերիհիլը և Ռիկարդո Լարան:
Ֆրեզնոն ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի առաջին քաղաքն էր, որը պաշտոնապես ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: 2014 թվականի հունվարին նահանգի ամենախոշոր քաղաքներից Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը ևս միաձայն ճանաչեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը' որպես անկախ և ինքնիշխան պետություն: Արցախի անկախությունը ճանաչել են նաև ԱՄՆ չորս նահանգներ' Լուիզիանան, Մեյնը, Մասաչուսեթսը և Ռոդ Այլենդը: