Ադրբեջանում հասկացել են. ԼՂՀ-ի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի
Международные новостиԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումը սթափեցրել է Ադրբեջանում բոլոր այն տաք գլուխներին, որոնց թվում էր, թե ԼՂ վերադարձն Ադրբեջանի կազմ «հնարավոր է»: Այդտեղ վերջնականապես հասկացել են, որ ԼՂՀ-ի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման համոզման է եկել մոլի իշխանամետ haqqin.az լրատվական կայքի քաղաքական գնահատականների եւ վերլուծության խումբը, որը գտնում է, որ եթե ԼՂ հարցում նախկինում որեւէ «հույսեր» կային ԱՄՆ-ի կողմից ադրբեջանամետ որոշումներ ընդունելու, ապա Կալիֆորնիայի նահանգի Սենատի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին որոշումը վերջ է դնում դրանց:
«Վերջին 10-15 տարում ԱՄՆ-ը հնարավորություն է ունեցել ադրբեջանամետ որոշումներ ընդունել ԼՂ խնդրի կարգավորման հարցում: Եթե Վաշինգտոնն անգամ ունեցել է նման մտադրություն, ապա Սենատի որոշումը վերջ է դնում դրանց», -համոզմունք են հայտնել haqqin.az-ի վերլուծաբանները:
ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգի սենատը օգոստոսի 27-ին ձայների 23 կողմ եւ 0 դեմ հարաբերակցությամբ ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող AJR 32 բանաձեւը: Արցախի անկախությունը ճանաչել են նաեւ ԱՄՆ-ի 4 նահանգներ' Լուիզիանան, Մեյնը, Մասաչուսեթսը եւ Ռոդ Այլենդը: