Շավարշ Քոչարյանը հայ-թուրքական սահմանի բացման լուրեր չունի
Международные новости
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցությունը Թուրքիայի նախագահի երդմնակալությանը ՀՀ նախագահի ընտրությունն էր: Այդ մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: «Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ամենայն հավանականությամբ, այդ արարողությանը մենք կմասնակցենք նախարարի մակարդակով: Դա ավանդական է, երբ մասնակցություն ենք ունենում հարևան երկրի նախագահի երդմնակալությանը: Նախկինում երբևէ չի եղել նման դեպք, որովհետև մինչ այդ Թուրքիայի նախագահն ընտրվում էր խորհրդարանի կողմից: Առաջին անգամ է, որ ընտրությունը կատարվել է ուղղակի ու դրա համար էլ սա առաջին նախադեպն է, երբ հարևան երկրում տեղի է ունենում այդ արարողությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շավարշ Քոչարյանը:
Լրագրողի ճշգրտող հարցին' արդյոք Թուրքիան երբևէ մասնակցել է ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը, ՀՀ փոխարտգործնախարարը հիշեցրեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալությանը Թուրքիան մասնակցել է Վրաստանում հավատարմագրված դեսպանի մակարդակով:
Խոսելով հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ՝ Քոչարյանը նշեց, որ դրա հետ կապված դեռևս լուրեր չկան: