Թուրքիայի ընդդիմադիրները բոյկոտել են Էրդողանի երդմնակալության արարողությունը
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը Մեջլիսում բոյկոտել է երկրի 12-րդ նախագահ ընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Հանրապետական ժողովրդական կուսակցության խմբակցության ղեկավար Էնգին Ալթայը, դժգոհելով այն փաստից, որ մեջլիսի նախագահ Ջեմիլ Չիչեքն իրեն խոսքի իրավունք չի տվել, դեն է նետել Մեջլիսի ներքին կանոնակարգը: Այնուհետև Ալթայը իր կուսակիցների հետ միասին որոշել են բոյկոտել Թուրքիայի նորընտիր նախագահի երդման արարողությունը և դուրս եկել Մեջլիսից:
Թուրքիայի 12-րդ նախագահ ընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանն, Ազգային մեծ ժողովում պաշտոնապես երդվելով, ստանձնել է երկրի Նախագահի պաշտոնը: Աթաթուրքի դամբարան և վարչապետի նստավայր այցելելուց հետո Էրդողանը կուղևորվի նախագահական նստավայր, որտեղ էլ տեղի կունենա արարողակարգի վերջին հատվածը: