Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան թատրոնում տիկնիկային ներկայացումների համար պրոֆեսիոնալ բեմ է բացվել
Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնում օգոստոսի 27-ին տեղի է ունեցել թատրոնի դահլիճի և տիկնիկային ներկայացումների համար նախատեսված պրոֆեսիոնալ բեմի բացման հանդիսավոր արարողություն:Թատրոնի վերակառուցված դահլիճն ու նորակառույց բեմն օրհնել և օծել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցու հոգևոր հովիվ, Տեր Անդրեաս քահանա Թավադյանը:
«Ես կարծում եմ, որ սեպտեմբերի 2-ի առաջիկա տոնին՝ ԼՂՀ օրվանն ընդառաջ, մեծ նվեր է մեր մանուկներին։ Ուզում եմ հուսալ ու հավատալ, որ այս դահլիճի պատերից ներս, ընդհանրապես Արցախում, այսուհետ միայն ստեղծագործական վերելք է լինելու»,- ասել է միջոցառմանը ներկա ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:
Վերջինս հավելել է, որ նախարարությունը պատրաստ է ավելի ընդգրկուն դարձնել, ավելի մեծ միջոցներով մասնակցել նման միջոցառումների ու նաև կազմակերպել այս գործընթացն այնպես, որ Արցախի բոլոր երեխաները հնարավորություն ունենան գալ Շուշի ու դիտել տիկնիկային ներկայացումներ։ «Այսօր Շուշին ունի այնպիսի գեղեցիկ հնարավորություններ, այնպիսի գեղեցիկ մշակութային միջավայր, որից Արցախի ոչ մի երեխա անմասն չպիտի մնա»,-ընդգծել է նա:
Միջոցառմանը ցուցադրվել է Շուշիի պետական թատրոնի և նրա տիկնիկային մասի պատմությանը նվիրված տեսանյութ: Այնուհետև ցուցադրվել են տարբեր տիկնիկային ներկայացումներից պատառիկներ։ Վերջում Շուշիի «Վարանդա» երգչախումբն իր կատարմամբ շնորհավորել է տինիկային թատրոնի աշխատակիցներին ու հյուրերին։