Այսօր ՀՀ Ազգային ժողովում ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ կրքերը թեժ էին:
Մինչ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հանդես էր գալիս իշխանությունների «պորտը տեղը դնող» հայտարարությամբ եւ նշում, որ Հայաստանի իշխանությունները շատ լավ գիտեն, թե ովքեր են խոշոր բիզնեսմենները, որոնք ինչ-ինչ հրաշքների միջոցով կարողանում են մաքսակետերում ապրանք տրանսֆորմացնել այլ ապրանքի վրա, այդ ընթացքում որոշ իշխանական պատգամավորներ, կարծես թե, չդիմացան տիկնոջ ճնշող էներգետիկ ալիքներին և փորձեցին ռեպլիկների միջոցով շտկել իրավիճակը, սակայն այդ ամենն իրենց այդքան էլ չհաջողվեց, քանի որ ընդդիմադիր դաշտի տնտեսագետ պատգամավորները նույն պահին «շանթահարեցին» նրանց:
Նիստերի դահլիճում քննարկման ժամանակ կրքերն այնքան թեժ էին, որ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն ու ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը դուրս եկան միջանցք ու սկսեցին մեծ ոգեւորությամբ եւ բավականին բարձր տոնայնությամբ իրար բացատրել «Շրջանառության հարկի մասին» օրենքի լավ ու վատ կողմերը:
Տեսնելով, որ պատգամավորների հանդիսատեսի ու երկրպագուների թիվը գնալով շատանում է, ՀՀԿ-ական պատգամավոր Այվազյանը փորձեց դիմել խորամանկ քայլի եւ «իրենով անել» ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանին` առաջարկելով նրան գնալ իր սենյակ, սուրճ խմել ու քննարկել կռվախնձոր դարձած օրենքի նախագիծը:
Սակայն նկատենք, որ ընդդիմադիր պատգամավորին, մեղմ ասած, այդքան էլ դուր չեկավ ՀՀԿ պատգամավորի առաջարկը. իշխանականի խայծը կուլ չտալով` Բագրատյանը պատասխանեց. «Ես քո հետ կոֆե չեմ խմում»: Թե ինչո՞ւ Բագրատյանը հրաժարվեց «այվազյանական սրճվանք-հրճվանքներից»` կարծում ենք, որ բոլորին էլ պարզ է…
Այս ամենի մեջ հետաքրքրականն այն էր, որ պատգամավորներից Խաչատուր Քոքբելյանն, ով ուշի-ուշով հետեւում էր զարգացումներին, թեւանցուկ արեց իր գործընկերոջն ու հեռացավ «Այվազյան-Բագրատյան» թեժ բանավեճից` որակավորելով կատարվածը, որպես խայտառակություն:
Թե ո՞ր պատգամավորի պահվածքն արժանացավ նման որակավորման` չենք կարող ասել, միգուցե խոսքը ոչ թե պատգամավորական «միջանցքային ռազբորկաների» մասին էր (որն, ի դեպ, Այվազյանի համար արդեն սովորական բնույթ է կրում), այլ ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Շրջանառության հարկի մասին» օրենքը, որը կարծես պատուհաս է դարձել ողջ հանրության համար:
Սոսե Չանդոյան