«Բերձորում տեղի ունեցածի հետ կապված հարկավոր է հետեւություններ անել եւ գտնել միջադեպը ծնող առիթները»,- այս մասին Orer.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Ըստ պատգամավորի` չնայած ապրիլի 24-ը համարվում է հայ ազգի միասնականության եւ մեծ սգի օր, այնուամենայնիվ, գտնվում են մարդիկ, ովքեր փորձում են ինչ-որ ձեւով խժդժություններ առաջացնել անգամ այդ օրը. «Ապրիլի 24-ը համարվում է հայերի խմբվածության եւ միասնականության օր, սակայն որոշ մարդիկ փորձում են պառակտում մտցնել դրա մեջ: Պետք է, իհարկե, գնահատական տալ պառակտում մտցնողների եւ նման ցանկություններ ունեցողների գործալոճին եւ քայլերին»:
Ինչպես պարզ դարձավ հետագա զրույցի ընթացքում, պառակտման փորձեր անողների քայլերին ոչ միայն գնահատական է տրվելու, այլեւ իրականացվելու են հստակ կանխարգելիչ քայլեր. «Մենք մինչեւ ապրիլի 24-ը պետք է հավաքվենք եւ նման սադրիչներին, ովքեր սադրելու ցանկություններ կունենան եւ կխոչընդոտեն Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների անցկացմանը, զերծ կպահենք հասարակությունից, կկիրառվեն կանխարգելիչ մեթոդներ սադրիչների դեմ»:
Թե կոնկրետ ինչ քայլերի մասին է խոսքը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը չմանրամասնեց.
«Նման հարցերը ոտքի վրա չեն որոշվում, կլինի քննարկում, որին կհաջորդի հայտարարություն, այնտեղ էլ կլինեն բոլոր հարցերի պատասխանները:
Այս պահի դրությամբ միայն կարող եմ ասել, որ խնդրի հետ կապված մանրակրկիտ պարզաբանումներ են ընթանում, պատգամավորական խումբ ենք ուղարկելու ԼՂՀ: Ուրբաթ օրը նրանք կգնան Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, շաբաթ օրը կվերադառնան, եւ արդեն երկուշաբթի խմբի անդամներից որեւէ մեկը կարող է տալ հարցազրույց եւ պատասխանել բոլոր հարցերին»:
Orer.am-ի այն հարցին` արդյո՞ք խմբակցության ղեկավարը տեղյակ է մամուլում տեղ գտած այն հայտարարություններից, որ «Հիմնադիր խորհրդարանի» կողմից իրականացված ավտոերթի անդամների մեջ ներառված են եղել նաեւ կասկածելի ծագումնաբանություն եւ թուրքերի հետ անհասկանալի մութ կապեր ունեցող մի կառույցի անդամներ, որի անվանումն է «Արեւմտյան Հայաստանի հայերի Ազգային ժողով», Վ. Բաղդասարյանը պատասխանեց.
«Ինչպես արդեն ասացի, այս ամենը ծնող առիթները պետք է ուսումնասիրել, մեկ տարբերակ նաեւ դուք առաջարկեցիք, այդ տեղեկատվությանը ես հստակ չեմ տիրապետում եւ չեմ կարող որեւէ մեկնաբանություն տալ: Ես առաջին անգամ եմ լսում նման կառույցի անուն: Դա հնարավոր տարբերակներից մեկն է, կարող են այլ տարբերակներ եւս լինել: Ամեն ինչ կքննվի եւ պարզ կդառնա, թե որը որից հետո է, ներկա պահին ավել բան ասել չեմ կարող»:
Սոսե Չանդոյան