Այսօր՝ փետրվարի 6-ին, տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը կարծիք հայտնեց այն մասին, որ մշտապես խոսվում է Հայոց ցեղասպանության հետևանքների, բայց չի խոսվում պատճառների վերացման մասին,-տեղեկացնում է Orer.am-ը:
«Եթե չենք վերացնում այդ պատճառները, ապա վտանգ կա, որ Ցեղասպանությունը կարող է կրկնվել»,- համոզմունք է հայտնել պարոն Բաբայանը:
Մտավորականի խոսքով՝ հարյուրամյակի միջոցառումները միայն քաղաքական բնույթ են կրում: Նա կարծում է, որ անհրաժեշտ են նաև միջոցառումներ, որոնք այդքան քաղաքականացված չեն լինի:
Բաբայանը նաև նշում է, որ շատ դժվար է արվեստի գործ ստեղծել՝ կապելով այն որոշակի տարելիցի հետ: Ըստ նրա՝ արվեստ ստեղծելու չափանիշը պետք է լինի միայն արվեստը, ոչ թե քաղաքականությունը:
Ասուլիսի մեկ այլ բանախոս, Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն էլ նշեց.
«Իհարկե, մտավորականները, արվեստագետները պետք է ազատ գործեն, բայց պետք է նաև հետևեն հատուկ ռազմավարությունից բխող պահանջներին, պայմաններին: Այդ միջոցառումները պետք է ընդհանուր պահանջատիրության, գաղափարախոսության մեջ դիտարկվեն»:
Լևոն Փանոսյան