Taxinfo.am-ը հրապարակել է 2014թ. հունվար-դեկտեմբեր ամիսների արդյունքներով առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի ու տուրքերի մեծությունների ցանկը, որում կատարված փոփոխությունները 2013թ. արդյունքների հետ համեմատած բավականին ուշագրավ են:
Այսպես՝ 2014թ. խոշոր հարկատուների ցանկը գլխավորել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը` վճարելով պետբյուջե շուրջ 42,8 մլրդ դրամ: Դեռ 2013 թ. «Հայռուսգազարդ» կոչվող ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում էր 2-րդ հորիզոնակը և 36,1 մլրդ ՀՀ դրամ հարկ վճարում պետբյուջե. այսինքն` 2014-ի ցուցանիշից մոտ 15% ցածր:
Խոշոր հարկատուների ցանկում 2-րդ հորիզոնականը զբաղեցնում է ՀՀ առաջատար բջջային օպերատոր «Ղ-տելեկոմը»՝ վճարելով պետբյուջե 28,9 մլրդ դրամի հարկ, իսկ 2013թ. «Ղ-տելեկոմը» զբաղեցրել էր 3-րդ հորիզանականը` 30,1 մլրդ դրամով:
Տարեցտարի ՀՀ պետբյուջեի համալրման մեջ իր ներդրումն է ունենում «Ալեքս Գրիգ» ընկերությունը, որը 2012 և 2013 թվականներին՝ որպես 4-րդ խոշոր հարկատու, վճարել է շուրջ 17-19 մլրդ դրամի հարկ, իսկ 2014 թվականին վճարել է ավելի քան 21,5 մլրդ ՀՀ դրամ՝ բարելավելով դիրքերը 1 կետով:
2013թ. խոշոր հարկատուների ցանկի առաջատար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային» ընկերությունը, 2014թ.կատարելով իր հարկային պարտականությունները, վճարել է պետբյուջե 19,9 մլրդ դրամ՝ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը:
Ցանկում հաջորդ տեղը զբաղեցնում է 2-րդ օպերատորը «Արմենիա տելեֆոն կոմպանին» (նույն ինքը Beeline): Ընկերությունը, 2014թ. պահպանելով իր հաստատուն 5-րդ տեղը, վճարել է պետբյուջե մոտ 16,5 մլրդ դրամ:
ՀԷՑ-ը 2014-ին 6-րդն է՝ 12,4 մլրդ դրամով՝ բարելավվելով 2013թ. 7-րդ հորիզոնականը:
«Ֆլեշ» ընկերությունը 2014թ. վճարել է շուրջ 12մլրդ ՀՀ դրամ հարկ և ցանկում զբաղեցրել 7-րդ տեղը՝ 2013թ. 6-րդ տեղի 11,4 մլրդի փոխարեն: Չնայած, որ 2014թ. ընկերությունն ավելացրել է վճարած հարկերի գումարը մոտ 5 տոկոսով, այնուամենայնիվ, 2013-ի համեմատ խոշոր հարկատուների ցանկում դիրքերը զիջել է մեկ կետով:
2013թ.17-րդ կետից մեծ թռիչքով 2014թ. 8-րդ տեղում է հայտնվել «Գրանդ-Տոբակո Հայ-Կանադական Հ.Ձ»-ն: 2013թ. ընկերությունը վճարել է 4,95 մլրդ ՀՀ դրամի հարկ, իսկ 2014թ. կրկնապատկել է այդ գումարը՝ մոտ 10,5 մլրդ ՀՀ դրամ:
2013 և 2014 թվականների հարկատուների ցանկում 9-րդ տեղն է պահպանել «Սիփիէս Օիլ քորփորեյշնը»՝ համապատասխանաբար 8,1 մլրդ և 9,6 մլրդ ՀՀ դրամով:
2014 թվականի խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ՍՊԸ-ն, որը 2013-ին 8-րդ կետում էր 9,06 մլրդ դրամի վճարված հարկով: Նախորդ՝ 2014 թվականին ծխախոտ ներկրող և վաճառող այս ընկերության հարկային բեռը կազմել է 8,03 մլրդ ՀՀ դրամ:
Հայկ ԲեջանյանOrer.am, վերլուծաբան