Օդերևութաբանները գյուղացիներին կոչ են անում չոգևորվել օդի բարձր ջերմաստիճանի հանգամանքով և սկսել գյուղատնտեսական աշխատանքները, քանի որ փետրվարի 16-ից սկսած Արկտիկայի շրջաններից հանրապետություն ներթափանցելու են սառը օդային հոսքեր, և չի բացառվում, որ դրանք կբերեն ջերմաստիճանի լուրջ անկման: Այս մասին փետրվարի 11-ին հայտնեց ՏԿԱԻՆ հիդրոմետծառայության օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Այսօրվա դրությամբ հանրապետության որոշ շրջաններում տեղումների քանակը մոտեցել է նորմայի սահմաններին և նույնիսկ գերազանցել է այն: Վերջին օրերին միջերկրյածովյան ցիկլոնը մեծ տեղումներ առաջացրեց Լոռի-Տավուշում, Շիրակում, Արագածոտում, Կոտայքում: Առաջիկա երկու օրերին հանրապետությունում սպասվում են բավականին լուրջ ցիկլոններ: Եվ այսօր օրվա երկրորդ կեսին հանրապետության տարածք կներթափանցի հաջորդ միջերկրյածովյան ցիկլոնը և կգործի մինչև փետրվարի 13-ը ներառյալ», - տեղեկացրեց Գագիկ Սուրենյանը:
Օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալը նշեց, որ փետրվարի 12-13-ը հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ կդիտվեն տեղումներ և առանձին լեռնային շրջաններում' առատ տեղումներ: Կանխատեսվում է, որ առանձին լեռնային շրջաններում ձյան շերտը կավելանա ևս 2 սմ-ով:
«Փետրվարի ողջ ընթացքում հանրապետությունում տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի, ինչի արդյունքում ամսվա վերջին կարելի է ակնկալել ձյան ծածկույթի նորմայից ավելի քանակության առկայություն: Մարտը նույնպես սպասվում է տեղումնառատ' մանավանդ լեռնային տարածքներում, որոնք հանդիսանում են հանրապետության գետերի հիմնական ջրահավաք ավազաններ»,- ասաց Գագիկ Սուրենյանը:
Օդի ջերմաստիճանը հանրապետությունում մինչև փետրվարի 13-ը էապես չի փոխվի, ինչից հետո կսկսի նվազել: Մարտն ակնկալվում է տեղումներով նորմայից ավելի, ինչը նշանակում է, որ ձյունը կշարունակի կուտակվել և այն կազդի վարարումների կուտակման վրա:
Տաք ձմեռներ, մասնագետի խոսքով, գրանցվել էին 1955, 1963, 1966, 1979, 1987, 1999 թվականներին, որոնցից ամենատաքը եղել է 1966 թ. ձմեռը, որից հետո երկրորդ ամենատաք ձմեռը գրանցվել է այս տարի, ինչը պայմանավորված էր Մերձավոր Արևելքից անընդհատ ներթափանցող տաք օդային հոսանքներով, որոնք իրենց հետ բերում են ջերմաստիճանի բարձրացում:
Այս տարի հյուսիսային լայնություններից մեկ անգամ է եղել սառը օդի հոսք, որը տեղի է ունեցել հունվարի 8-9-ը, երբ դիտվեցին տեղումներ ձյան տեսքով և ջերմաստիճանի անկում: