Որպես «մայդանային պեչենի» բաժանող հայտնի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի՝ Հայաստան այցի նպատակը, պարզվեց, ոչ միայն «մայդանային», այլ նաև «գրանտային», «հումանիստական» և «գրանտա-հումանիստական պեչենիների» գովազդն էր տեղի սպառողի համար: Սակայն «պեչենիների» այս խմբաքանակն, իմ համոզմամբ, Ադրբեջանի հետ համատեղ արտադրություն էր:
Բացատրեմ միտքս. Նուլանդը նախ ՀՀ պատկան մարմիններին կոչ էր արել Ադրբեջանին վերադարձնել հայտնի երկու դիվերսանտներին՝ միաժամանակ ասուլիսի ժամանակ նշելով, թե գիտի՝ ինչ սոսկալի հանցագործություն են արել նրանք, սակայն ինքն առաջարկում էր, որ մենք Ադրբեջանին հումանիստական ժեստ անենք: Բարեբախտաբար, Նուլանդի կոչը անարձագանք մնաց պատկան մարմինների կողմից, հետևաբար, «հումանիստական պեչենիների» գովազդը չստացվեց:
Ապա Նուլանդը հանդիպեց մի քանի հ/կ-ների ղեկավարների հետ, որոնք հավանաբար օգտվում են «գրանտային պեչենիներից», և ենթադրում եմ, որ փորձեց նրանց ներկայացնել «պեչենիների գրանտա-հումանիստական միքսը»: Սակայն չեմ կարծում, թե դա էլ զրոյից բարձր արդյունավետություն կունենա, քանի որ առաջարկը և կոչը տեղով իսկ չափից ավելի անբարո էին, իսկ «հումանիզմի» դոզան՝ բավականին շատ:
Ինչ վերաբերում է Նուլանդի այս առաքելության բարոյական կողմին, ապա այդ կապակցությամբ կուզեմ պարզապես ուղղել հետևյալ հռետորական հարցերը.
Մեր երկիր ժամանած և կեղծ հումանիզմի կոչեր անող ԱՄՆ-ի ներկայացուցիչն արդյո՞ք կարող է մատնանշել իր երկրի պատմության՝ արյունով շաղախված էջերում նմանատիպ հումանիզմի դրսևորման գոնե մեկ դրվագ, երբ օրինակ` ԱՄՆ-ն ազատ է արձակել իր երկրի քաղաքացիներ սպանած ահաբեկչին:
Արդյո՞ք իրավունք ունի հումանիզմի կոչերով հանդես գալ մի երկրի ներկայացուցիչ, որն իր ողջ պատմության ընթացքում բառացիորեն տեռորի է ենթարկել աշխարհի մի զգալի մասը:
Արդյո՞ք իրավունք ունի հումանիզմից խոսել մի երկրի ներկայացուցիչ, որտեղ դեռ 100-ից մի քիչ ավելի տարիներ առաջ ստրկատիրական կարգեր էին, իսկ 50-ից մի քիչ ավելի տարիներ առաջ էլ՝ ռասայական խտրականություն:
Այս հարցերը պետք է որ մտորելու նյութ տային հատկապես գրանտներով սնվող այն արևմտամետ կազմակերպություններին ու գործիչներին, որոնք հանուն իրենց դրամաշնորհից չկտրվելու` պատրաստ են նաև արդարացնել Նուլանդի կոչը:
Ի դեպ, նույն ուժերի ներկայացուցիչները Ռուսաստանի որևէ ներկայացուցչի աննշան իսկ «բլթոցի» դեպքում պատրաստ են անմիջապես երթեր կազմակերպել դեպի ՌԴ դեսպանատուն՝ որակելով դա հայրենասիրական պոռթկում` հանուն ՀՀ ինքնիշխանության: Նման «հայրենասիրությունն» ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում են գրանտները կամ «գրանտային պեչենիները»:
Կարեն Վարդանյան