Իզուր է «Պարույր Սևակ» ներկայացման տոմսերի վաճառքն արգելվում դպրոցականներին. Կարեն Բաբաջանյան
КультураՓետրվարի 22-ին «32 թատրոնը» կներկայացնի «Պարույր Սևակ» ներկայացումը: Բեմադրության հեղինակ՝ Կարեն Բաբաջանյան, բեմանկարիչներ՝ Վահագն Գրիգորյան և Արամ Դանիելյան: Ներկայացման գաղափարն առաջացավ երկու տարի առաջ՝ մեծանուն բանաստեղծի 90-ամյակի նախաշեմին: Ներկայացման մեջ զբաղված են դերասաններ Արմեն Մարգարյանը, Սամվել Թոփալյանը, Մարիամ Ադամյանը, Գուրգեն Սարգսյանը, Կարեն Բաբաջանյանը: Orer.am-ի հետ զրույցում Կարեն Բաբաջանյանը նշեց, որ դերասանական կազմը շատ արհեստավարժ է, իսկ ներկայացման շարժիչ ուժն է հենց ինքը՝ մեծն Սևակը: Մեր այն հարցին, թե հիմնականում ի՞նչ տարիքային խմբի է հանդիսատեսը, ներկայացման հեղինակը պատասխանեց. «Երիտասարդները շատ են, դպրոցականներն էլ: Դպրոցականների համար ունենք հատուկ զեղչեր, որպեսզի հասանելի լինի: Երեխաները մեծ սիրով գալիս են իրենց դասղեկների, գրականության ուսուցիչների հետ: Չնայած արգելք կա, որ դպրոցներում թատրոնների տոմսեր վաճառվեն: Մենք հասկանում ենք, որ դա արվում է ծնողներին ծախսի տակ չգցելու համար, ինչ-որ տեղ համաձայն ենք դրա հետ, բայց այս հարցում երկակի ստանդարտներ կարող են կիրառվել. լավ ներկայացումներին կարող են թույլ տալ այցելել: Մենք բազմիցս հրավիրել ենք պատկան մարմիններին, գերատեսչությունների ղեկավարներին, որպեսզի վերջիններս տեսնեն ներկայացման որակը և թույլ տան դպրոցականներին հաճախել թատրոն: Կան բազմաթիվ ցածրորակ միջոցառումներ քաղաքում, որոնց վրա չարժե, որ ծնողները գումար ծախսեն, սակայն դրանց կողքին լավերին կարելի է թույլ տալ: Իզուր են «Պարույր Սևակ» կրթական և դաստիրակչական ներկայացումը նույնպես արգելում: Խոսելով հնարավոր հյուրախաղերից և հրավերներից՝ Կարեն Բաբաջանյանը նշեց, որ «Պարույր Սևակ» բեմադրությունը շատ սպասված է և նույնիսկ Ավստրալիայից ունեն առաջարկներ: Ստեղծագործական թիմը այսօր պատրաստում է նաև «Հայադարան» հաղորդումը, որը ինչ-որ տեղ լրացնում է կրթական և ճանաչողական հաղորդումների բացը մեր հեռուստատեսությունում: Եվ վերջում հիշեցնենք, որ «Պարույր Սևակ» ներկայացումը տեղի կունենա փետրվարի 22-ին՝ ժամը 19.00-ին, «32 թատրոնում», որը գտնվում է Ճարտարապետների տան շենքում:
Լևոն Փանոսյան