Ինչու՞ էր տնից փախել գյումրեցի աղջիկը
Pastinfo.am-ը գրում է․
Ինչպես արդեն հայտնել ենք, Գյումրիում 3 օր առաջ կորած 14-ամյա Քրիստինա Խաչատրյանը երեկ հայտնաբերվել էր Երևանում: Սակայն պարզվում է՝ մինչև Երևան հասնելը, աղջիկն անցած օրերի ընթացքում նաև Արարատի մարզում է եղել:
Իսկ թէ ինչու էր աղջիկը փախել հայրենի տնից ու քաղաքից և հասել նախ Արարատի մարզ, ապա` մայրաքաղաք, «Փաստինֆո»-ի տեղեկություններով, երկու հիմնական վարկած է շրջանառում:
Դրանցից առաջինի համաձայն` Քրիստինան ընկեր է ունեցել, որը զորակոչվել է բանակ: Աղջիկն էլ որոշել է գնալ նրան տեսության: Եվ քանի որ երիտասարդն Արարատի մարզի զորամասում է զինվորական ծառայություն անցնում, Քրիստինան Գյումրիից նախ այստեղ է եկել, ապա, Գյումրի վերադառնալու փոխարեն, մոլորվել ու հասել է Երևան:
Հաջորդ վարկածն արդեն բոլորովին ռոմանտիկ չէ: Դրա համաձայն՝ աղջիկը հարում է էմո շարժմանը: Եվ նրա՝ տնից փախչելու ու ՀՀ մարզերում ու մայրաքաղաքում շրջելու պատճառը հենց դա է եղել:
Հիշեցնենք՝ Քրիստինային իրավապահները երեկ էին հայտնաբերել Երևանում, այն բանից հետո, երբ նա զանգահարել էր տուն, խոսել տատիկի հետ և խնդրել օգնել իրեն տուն վերադառնալ: Ի դեպ, հետաքրքրական է, որ, մեր ունեցած տեղեկություններով, աղջիկը տատիկին ասել էր, թե Գյումրիում է:
Սակայն հեռախոսազանգի միջոցով իրավապահները պարզել էին, որ աղջիկն իրականում ոչ թե Գյումրիից, այլ Երևանից է զանգահարել:
Թե իրականում ի՞նչն է եղել 14-ամյա աղջկա՝ տնից փախչելու պատճառը և որքանո՞վ է այն իրականում կապված էմոների հետ, թերևս, պարզ կդառնա արդեն քննության ավարտին: Բայց փաստ է, որ Գյումրիում պատանիների շրջանում այս կործանարար շարժումը բավական մեծ տարածում ունի: