Այն, որ թատրոնը պարզապես «լացում է» հայաստանյան քաղաքական գործիչների համար` փաստ է:
Մինչ ժողովուրդը անհագ ծարավով հետեւում էր դերասանական բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող ՀՀԿ-ԲՀԿ թիմակիցների, այսպես կոչված, «պատերազմին» եւ փորձում հասկանալ, թե ով ում բարեկամն է, մամուլն այդ ընթացքում սենսացիոն բացահայտումներ էր անում:
Օրերս մամուլում շրջանառվում էին տեղեկություններ այն մասին, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանդիսանում է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի աղջկա հարսանիքի քավորը: Այլ կերպ ասած՝ Նաիրա Զոհրաբյանը ԿԳ նախարարի սանամայրն է:
Ներքաղաքական տրագիկոմեդիկ զարգացումների եւ հատկապես քավոր-սանիկ հարաբերությունների վերաբերյալ, Orer.am-ը մեկնաբանություն ստացավ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից, ով լակոնիկ, բայց, այնուամենայնիվ, պատասխանեց. «Ես անձնական հարաբերությունները երբեք չեմ շփոթում քաղաքականության հետ եւ խորհուրդ եմ տալիս բոլորին` այդ կերպ վարվել: Ես իմ սանիկներով միշտ ուրախացել եմ»:
Սոսե Չանդոյան