Այսօր լրագրողներին է հանդիպել «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը,-տեղեկացնում է Orer.am-ը: Բանախոսն անդրադարձել է վերջին օրերին տաքսու վարորդներին մտահոգող օրենքին, ըստ որի՝ մարտի 1-ին նրանք պետք է անցնեն պարտադիր լիցենզավորում և պետք է ձեռք բերեն հաշվիչներ, որոնք ներկա սոցիալական պայմաններում շատ թանկ արժեն:
Ըստ Պողոսյանի՝ տաքսու վարորդները նույնպես հալածված են: «Հասարակական շահն առաջին հերթին անվտանգություն է պահանջում և՛ մարդկանց ֆինանսականի, և՛ առողջության համար, սակայն, երբ նստում ենք մեքենա, երկուսն էլ ապահովված չեն»,- նշում է Ա.Պետրոսյանը՝ հավելելով, որ պետք է վստահ լինենք՝ ում մեքենան ենք նստում, որքանով է այն օրինական և այլն: Արմեն Պետրոսյանը, որպես «Սպառողների միության» նախագահ, տարակուսում է՝ ինչպես կարող է տաքսին չունենալ հաշվիչ: Հասարակական սեկտորի ներկայացուցիչը սա աբսուրդ է որակում:
Խոսելով Տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանի հետ վարորդների հանդիպման մասին՝ Պետրոսյանն ասաց, որ կողմ է որոշակի ազատականացումներին, որպեսզի վարորդները կարողանան մաս-մաս մուծումներ անել, բայց դա չպետք է լինի անվտանգ երթևեկության հաշվին:
Հիշեցնենք, որ երեկ Orer.am-ի հետ զրույցում ՀՀ տրանսպորտի և կապի նախարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը վերահաստատեց, որ պատրաստ են օժանդակել վարորդներին: Հուսանք, որ չինովնիկներին կհաջողվի գտնել մի ելք, որով թե՛ աշխատավոր մարդիկ, թե՛ երթևեկող ազգաբնակչությունը տուժված չեն լինի:
Լևոն Փանոսյան