Վալերի Պերմյակովի նկատմամբ, ով մեղադրվում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ, դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել: Այդ մասին «Ինտերֆաքսին» հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:
«Փորձաքննությունն անցկացվում է Հայաստանում՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում և պետք է ավարտվի մոտավորապես երկու շաբաթվա ընթացքում»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ փորձագետները պետք է գնահատեն զինծառայողի հոգեբանական վիճակը և տան համապատասխան ախտորոշումը: «Բոլոր այն խոսակցությունները, որ Պերմյակովի մոտ արդեն հոգեկան շեղումներ են հայտնաբերել, միայն շշուկներ են: Փորձաքննության արդյունքները դեռ չկան»,- նշել է աղբյուրը:
Գործակալության զրուցակիցն ընդգծել է, որ հետաքննությունն ընթանում է երկու երկրի իրավապահ մարմինների սերտ համագործակցությամբ: