Բարգավաճ Հայաստանը հայտնվել է ազատ անկման մեջ: Վթարային կուսակցությունում փլուզումը չի դադարում: Երեկ լրահոսը հեղեղված էր կարկառուն ԲՀԿ-ականների՝ կուսակցությունից արտագաղթելու արդարացում-հայտարարություններով: Երեկվա դրությամբ կուսակցությունը լքեցին Նոր Հաճընի, Բյուրեղավանի, Իջեւանի, Սիսիանի քաղաքապետերը, Մանկավարժական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը, Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը, վերջինիս եղբորորդի, պատգամավոր Բազմասեր Առաքելյանը, պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Գրում է «Հրապարակ»-ը:
Գրիգորյանը ԲՀԿ-ի առանցքային ներկայացուցիչն էր երկրորդ մայրաքաղաքում: Եղեգնաձորի քաղաքապետը, ինչպես եւ հայտարարել էր նախօրեին մեզ հետ զրույցում, ԲՀԿ-ում է, երեկվա դրությամբ դեռ դուրս չէր եկել: Այս արտագաղթի մեջ բարոյականության տեսանկյունից ուշագրավ է քաղաքապետերի հանգամանքը, ովքեր այդ պաշտոնին արժանացել են հենց ԲՀԿ-ականների քրտնաջան աշխատանքի շնորհիվ: ԲՀԿ նորընտիր ղեկավարի մարտերն ընտրատեղամասերում դեռ չեն մոռացվել: Սակայն քաղաքապետերը ԲՀԿ-ում քաղաքականության բարոյականությունն այլ տեսանկյունից են դիտարկում: Կարծում են, որ Ծառուկյանի «խաթր» են եղել կուսակցությունում, եւ իրենց հաղթանակն էլ Ծառուկյանի ներդրումներով է պայմանավորված եղել, իրենք Ծառուկյանի հետեւորդներն են, չկա Ծառուկյանը՝ չկա եւ կուսակցական տոմսը:
Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, ում մի ամբողջ օր էր հարկավոր վերջնականապես կողմնորոշվելու համար, երեկ մեզ հետ զրույցում հայտնելով դուրս գալու մասին՝ հավելեց. «Ես սկսել եմ պարոն Ծառուկյանի հետ միասին կուսակցական աշխատանքները, այսպես ասած, եւ եթե ինքը դուրս ա եկել, ուրեմն անելիք չկա»: Այսինքն, իր կուսակցությունում լինելը գաղափարի՞ վրա չէր հիմնված, զուտ անձո՞վ էր պայմանավորված: «Հարցեր մի տվեք, էլի, ես արդեն ասեցի պատճառը»: Այլ կուսակցության շարքերն անդամագրվելը, ընդհուպ ՀՀԿ, քաղաքապետը բացառեց: Հարցին՝ չէ՞ որ այդ կուսակցության շնորհիվ է քաղաքապետ դարձել, որքանո՞վ է ճիշտ այն լքել հենց ամենածանր պահին, ասաց. «Արի սահմանափակենք, ես չեմ պատասխանում Ձեր հարցերին… այսուհետ հարցերին կպատասխանեմ միայն գրավոր, ցտեսություն»:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: