Ծաղիկների գների նախատոնական թանկացումն ու դրանց պատճառները
ОбществоՄարտի 8-ի նախաշեմին տոնական թանկացումների մասին են խոսել սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը և «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը,-տեղեկացնում է Orer.am-ը: Արմեն Պողոսյանը նկատեց, որ և՛ ներկրված, և՛ տեղական ծաղիկները տոնական շրջանում թանկանում են մոտ 2-3 անգամ։ «Մեզ մոտ չկա տնտեսական տրամաբանված քաղաքականություն, այլ կա կարկատանային քաղաքականություն»,-ասաց Ա. Պողոսյանը: Ահարոն Ադիբեկյանը նույնպես համակարծիք է, որ Հայաստանում զարգացած չէ մարքեթինգային քաղաքականությունը: Գների բարձրացումը սոցիոլոգը բացատրում է նաև հետևյալ պաճառներով. «Ծաղիկների գնորդը հիմնականում միջին դասն է, որն էլ արտագաղթում է: Արտագաղթի պատճառով ծաղիկների վաճառքի քանակն ու որակը կտրուկ իջնում են, խանութները փակվում են և այս հանգամանքներն անդրադառնում են գնի բարձրացման վրա»: Ադիբեկյանը հավելոեց, որ իր տվյալներով՝ ծաղիկները թանկացել են 200 տոկոսով: Ամեն դեպքում, բանախոսը գտնում է, որ Մարտի 8-ին կարևորն ուշադրության փատն է, որը կարող է լինել առավոտյան անկողնում սուրճ բերելու, հաճելի անակնկալների և լավ վերաբերմունքի մեջ: