Ադրբեջանում սպառնում են Արցախ այցելած լիտվացի խորհրդարանականներին ներառել «սև ցուցակում»
Լիտվայի խորհրդարանական պատվիրակության' Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու փաստը խիստ զայրացրել է Ադրբեջանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական Trend գործակալությունը, Ադրբեջանում դիմել են Լիտվայի դեսպանություն' կապված խորհրդարանականների այցի հետ: Դեսպանատանը հայտնել են, որ իրենք տեղեկացված չեն այցելության վերաբերյալ:
Այդուհանդերձ, ադրբեջանական լրատվամիջոցները շտապել են սպառնալ, որ բոլոր այն օտարերկրյա անձինք, ովքեր այցելում են Լեռնային Ղարաբաղ առանց ադրբեջանական կողմի համաձայնության, հայտնվում են Ադրբեջանի ԱԳՆ «անցանկալի անձանց» ցուցակում:
Ավելի վաղ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Լիտվայի խորհրդարանի պատգամավոր, Լիտվա-Արցախ բարեկամության խմբի անդամ Դալիա Կուոդիտեինն ասել էր, որ տեղյակ է Ադրբեջանի «սև ցուցակի» մասին, և կարծում է, որ ինքն արդեն այդ ցուցակում կա: «Դա Ադրբեջանի ղեկավարության ընտրությունն է, իմ ընտրությունն էլ Արցախ այցելելն է»,- հայտնել էր նա: