Մարտի 10-ին մեկնարկեցին ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի երկօրյա մարտավարաշարային պարապմունքները: Ստանալով «Հավաք» ազդանշանը՝ վարչությունների և առանձին բաժինների զինծառայողներն ու քաղաքացիական հատուկ ծառայողները սահմանված ժամանակահատվածում և համապատասխան հանդերձանքով ներկայացան ՀՀ ՊՆ վարչական համալիր:
Համալիրի շարահրապարակում ողջունելով անձնակազմին' պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնավորապես նշեց, որ մարտական պատրաստականությունը ծառայության կարևոր բաղադրիչներից է և յուրաքանչյուր զինծառայող նաև քաղաքացիական հատուկ ծառայող պետք է կարճ ժամանակահատվածում պատրաստ լինի առաջադրվող խնդիրների կատարմանը:
Նշելով, որ նախորդ ուսումանական փուլի ընթացքում թե կարգապահության, թե մարտունակության բարձրացման առումով արձանագրվել են դրական արդյունքներ' պաշտպանական գերատեսչության ղեկավարը համոզմունք հայտնեց, որ մարտավարաշարային պարապմունքներում ներառված ստորաբաժանումներն իրենց առաջադրված խնդիրները հետայսու ևս պատվով կկատարեն և լավ հիմքերի վրա դրված ուսումնական գործընթացը շարունակական ու հաստատուն ընթացք կունենա:
Մարտի 10-ին օրը ուսումնական տագնապ էր տրվել նաև զինված ուժերի մի շարք այլ կառույցներում: Մինչ ՊՆ կենտրոնական ապարատի անձնակազմի հետ հանդիպելը' պաշտպանական գերատեսչության ղեկավարը որոշ կառույցների մարտական պատրաստականությունը տեղում ստուգելու նպատակով այցելել էր նաև ՀՀ ՊՆ ՌՈ վարչություն և Հանրապետական զինկոմիսարիատ: