ԿԽՄԿ-ն դիմել է Բաքվին՝ հայ գերուն տեսակցելու համար
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները դիմել են Ադրբեջանի իշխանություններին գերի ընկած հայ քաղաքացուն' Սարգիս Անանյանին, տեսակցելու համար: Այս մասին armenpress.am-ի հետ զրույցում նշեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Հասմիկ Գալստյանը:
Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը սեպտեմբերի 1-ին հայտնել է իրենց կողմում հայտնված հայ գերու մասին: Նա Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 1961թ. ծնված Սարգիս Նորիկի Անանյանն է, ով հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու հայտնվել Ղազախ գյուղում: Սարգիս Անանյանի լուսանկարն ու մի տեսանյութ է հրապարակել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Ադրբեջանական կողմը պնդում է, որ Սարգիս Անանյանը հայ-ադրբեջանական սահմանը հատել է օգոստոսի 26-ին: Սարգիս Անանյանի' Նոյեմբերյանի հարևանները «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել են, որ վերջինս բնակվում է միայնակ և ադրբեջանական կողմի հրապարակած լուսանկարում ճանաչել են իրենց հարևանին: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Սարգիս Անանյանն առողջական լուրջ խնդիրներ ունի: