Ամեն տեղ նույնն է՝ քաղաքական դաշտում, գրականության մեջ, արվեստում... կներեք՝ շոու-բիզնեսում, բայց արվեստում էլ է նույնը. ով ուզում՝ քաղաքականությամբ է զբաղվում, պատմվածք կամ բանաստեղծություն է գրում, երգ է գրում և երգում է: Եվ նրանցից ոչ ոք երևի ինքն իրեն չի հարցնում, թե իր մոտ որքանո՞վ է լավ ստացվում, կամ ստացվու՞մ է արդյոք: Դրա համար էլ մի կողմից՝ քաղաքական դաշտի «հերն են անիծում», մյուս կողմից էլ՝ գրականության, արվեստի, դե շոու-բիզնես կոչվածի մասին էլ չասեմ:
Հիմա էլ մեր «շոու-բիզնեսիկները» Եվրատեսիլ-2015-ի համար իրենց նոր «գլուխգործոցն» են ներկայացնում՝ տարօրինակ հնչող անվանումով խմբի կատարմամբ, որպեսզի մրցույցթից հետո էլ հայտարարեն, թե մենք թեև չհաղթեցինք, բայց բարոյական հաղթանակը մերն է... Անշուշտ, նման «գլուխգործոց» ներկայացնելու դեպքում միայն բարոյական հաղթանակ կարելի է ակնկալել, ոչ ավելին:
Բանն այն է, որ եթե մի կողմ թողնենք Եվրատեսիլ-2014-ի կոնչիտայամոլությունը և նպատակուղղված կերպով այդ երևույթին հաղթող սարքելը, որի հիմքում ընդամենը միասեռականության պրոպագանդան էր, ապա մնացած դեպքերում հաղթող դառնալու շանս ունի այն երգը, որը ավելի լավ կհիշվի ունկնդիրների կողմից և ավելի լավ կտպավորվի: Իսկ ես չեմ կարծում, թե լսողներից շատերը հիշում են այդ՝ բավականին «խուճուճ» և դժվարընկալելի մեղեդին՝ թեկուզ մի քանի անգամ այն լսելուց հետո:
Այսինքն, ընտրված երգը, իմ կարծիքով, ամենևին էլ լսելի, ընկալելի, սիրելի դառնալու, առավել ևս հաղթող լինելու համար պիտանի չէ: Մանավանդ, եթե երգի ենթատեքստում կոչ է Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ, ապա անհասկանալի է, թե ինչ գործ ունեն այդ երգում «բեյբիական» ելևէջները: Հասկացանք՝ «Don’t deny», այսինքն՝ «Մի ժխտիր», բայց ինչու՞ «Baby, don’t deny», ինչու՞ որոշեցին այդ «բեյբին» պարտադիր «խցկել»այդ թեմայի մեջ. ի՞նչ է՝ ժամանակակից եվրոպական ստանդարտնե՞րն են այդպես թելադրում, թե՞ միայն «բեյբիներն» են ժխտողները և կոչը միայն նրանց է ուղղված:
Պատկերացնում եք, չէ՞, թե ինչ լավ կլիներ, եթե օրինակ քաղաքականությունից ոչինչ չհասկացողներըը քաղաքականությամբ չզբաղվեին, ժամանակակից գրականության «մայրիկը լացացնողները» չգրեին, և նման «բեյբիական» տրամաբանությամբ երգ գրողներն էլ չգրեին երգեր, այլ գտնեին այն գործը, որը իրենց մոտ միգուցե կստացվեր և զբաղվեին այդ գործով: Հավատացեք, շատ ավելի լավ կլիներ:
Կարեն ՎարդանյանOrer.am, վերլուծաբան