Կցորդների կցորդները գոնե կցորդ չդարձան
Аналитика
Ոչ իշխանական «եռյակի» խայտառակ փլուզումն ու Ծառուկյանի անհույս պարտությունը ժողովրդի ճնշող մեծամասնության համար, իմ կարծիքով, ցավոտ չէին, կորուստն էլ մեծ չէր:
Նույնը չեմ կարող ասել «ծառուկյանական եռյակի» տանիք հանդիսացող Ռոբերտ Քոչարյանի, այդ եռյակում որպես ԲՀԿ-ի կցորդ հանդես եկող և Ծառուկյանի փողերով սնվող՝ ՀԱԿ-ի ու «Ժառանգության», ինչպես նաև` «եռյակում» նախկին ԲՀԿ-ի կցորդների կողքին որպես կցորդի կցորդ տեղ գտած և քոչարյանա-ծառուկյանական «կերակրատաշտին» արդեն մի փոքր մոտեցած՝ «գրպանային» կուսակցությունների մասին:
Հասկացաք, որ խոսքս այն քաղաքական ուժերի մասին է, որոնց երկրորդ անդամին փնտրելը բավականին ժամանակ կպահանջի: Այ նրանք չկան, տեղից էլ չկային, բայց գոնե ինչ-որ հեռավոր հույս էին ստացել, որ մի օր կարող է լինեն, մի օր կարող է վերադառնալ նա՝ Հայաստանի երբեմնի միակ տղամարդը, և այդ ժամանակ մեկանդամանոց կուսակցությունների փողոցներում էլ միգուցե կոնֆետներով լի բեռնատար ավտոմքենա շուռ գար...
Բայց չեղավ, նա չվերադարձավ, նրա վերադարձի ճանապարհը փակվեց, շախմատային այդ պարտիան ավարտվեց և «գրպանային» կուսակցությունները կորցրեցին գոնե հաջորդ պարտիայում որպես «պեշկա» խաղալու հնարավորությունը, կցորդների կցորդները գոնե կցորդ չդարձան:
Գոնե ցույց տալու համար, որ իրենք ուզեցել են լինեն, նրանցից ոմանք ինչ-որ արձագանքներ տվեցին՝ ասուլիս կամ լրատվամիջոցի հետ հարցարզրույց, բայց ասելիքը նույնն էր և իրենց մատնող: Օրինակ, թե՛ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի, թե՛ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի ասելիքը վերջին օրերին մոտավորապես նույնն էր՝ ինչու՞ այդպես վարվեցին իրենց սիրելի Գագիկ Ծառուկյանի հետ, չէ՞ որ իրենց այդ «եռյակում» հետաքրքրում էր միայն Ծառուկյանը (այսինքն՝ Ծառուկյանի փողերը և Քոչարյանի վերադարձը): Հիմա այլևս «գրպանային» կուսակցությունները «եռյակից» մնացած շրջանակներում հետաքրքրություններ չունեն, դրանք գնացին, ինչպես գնաց Գագիկ Ծառուկյանը:
Բայց ինչպես ասում են՝ մասնագետը երբեք անգործ չի մնա: Թող սպասեն, մի դուռ փակվում է, մեկ այլ դուռ՝ բացվում: Կյանքն է այդպիսին:
Կարեն Վարդանյան
Orer.am