Կապանի սպանդանոցում մեկ շաբաթ չի բարձրաձայնվել բռուցելոզի դեպքը. Բաբկեն Պիպոյան
Общество«Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսել է ոլորտում առկա խնդիրների մասին,-հայտնում է Orer.am-ը: Ըստ Բաբկեն Պիպոյանի՝ սպառողի իրավունքների պաշտպանությունը սպառող և տնտեսվարող իրավահարաբերությունն է, որտեղ անելիք ունեն և՛ պետական, և՛ հասարակական հատվածը: Բաբկեն Պիպոյանը նշեց, որ ի տարբերություն աշխարհի այլ երկրների` Հայաստանում հասարակական սեկտորին վերահսկողության և ազդեցության լծակներ գրեթե տրված չեն: Պիպոյանի խոսքով՝ թեպետ հասարակական վերահսկողությունը ուժեղ չէ, բայց մամուլի և սոցիալական ցանցերի շնորհիվ որոշակի աճ արձանագրվում է: Բանախոսը նշեց, որ բացակայում է պետական աջակցությունը: «Պետական աջակցության համար միայն կամքը բավարար չէ, պետք է ծանոթ լինել միջազգային փորձին»,- հավելել է նա: Մարտի սկզբին «Իրազեկ և պաշտպանված սպառող» կազմակերպությունը ահազանգ էր ստացել, որ Կապանի սպանդանոցի աշխատակիցների մոտ հայտնաբերվել է բրուցելոզ հիվանդություն: Խոսելով այս թեմայի մասին՝ կազմակերպության նախագահը հայտնեց. «15 մարդ դեռ գտնվում է հիվանդանոցում, իսկ հիվանդները ընդհանուր 18 հոգի են: Առաջին հիվանդն արձանագրվել է փետրվարի 20-ին, սակայն մեկ շաբաթ չի բարձրաձայնվել դրա մասին»: Բ. Պիպոյանն ասաց, որ սպանդանոցում կենդանիները մորթվել են համապատասխան փաստաթղթերով, և ըստ այդ փաստաթղթերի՝ նրանք առողջ են եղել: Հասարակական սեկտորի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ այդ փաստաթղթերը անպայման պետք է ուսումնասիրվեն: Բաբկեն Պիպոյանն ընգծեց, որ դեպքի համար հավասարապես պատասխանատու են Առողջապահության, Գյուղատնտեսության նախարարությունները և Սննդի անվտանգության պետական ծառայությունը: Պիպոյանի խոսքով՝ այդ սպանդանոցում մորթված միսը հայաստանյան շուկա չի մտել, այն նախատեսված էր արտահանելու համար: Այսինքն՝ բրուցելոզով վարակվել են միայն սպանդանոցի աշխատակիցները: Պիպոյանն ահազանգում է, որ սպանդանոցի մյուս աշխատակիցները դեռ ստուգված չեն: