Գերմանիան լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, սակայն մենք կցանկանայինք տեսնել ժողովրդավար, անկախ Հայաստան, որն ավելի մոտ է Եվրոպային:
«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, «Դաշինք 90 / Կանաչներ» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրըˋ գնահատելով հայ-գերմանական հարաբերությունները:
«Քարտեզով Հայաստանն ակնհայտորեն պատկանում է Եվրոպային, սակայն մենք կցանկանայինք, որ Հայաստանը մեզ ավելի մոտ լիներ: Այդ իսկ պատճառով ինձ վշտացնում է այն, որ Ասոցացման համաձայնագիրը, դժբախտաբար, ձախողվեց: Կարծում եմˋ դա բաց թողնված հնարավորություն էր: Ես հասկանում եմ, որ Հայաստանն ամուր հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, և դրանում ոչ մի սխալ բան չկա: Բայց չեմ կարծում, որ դա հակասում է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրին: Ուստի կցանկանայի, որ այս հարցը նորից դրվեր բանակցությունների սեղանինˋ այս անգամ բոլորովին այլ արդյունքով»,- ասաց Բունդեսթագի պատգամավորը:
Մեր հարցին, թե հատկապես ո՞ր ոլորներում երկու երկրները կարող են լավագույնս համագործակցելˋ Օզդեմիրը նշեց, որ Հայաստանը շատ բան ունի առաջարկելու:
«Այստեղ ես հնարավորություն ունեցա համտեսելու հայկական գինին: Թեև շատ կարճ ժամանակով, որովհետև պետք է հանդիպեինք Նախագահի հետ: Գերմանիան մեծ փորձ ունի վերականգնվող էներգիայի ոլորտում: Մենք կարող ենք օգնել այս հարցում: Միաժամանակ Եվրոպական միությունը մեծ փորձ ունի օրենքի գերակայության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանˋ խորհրդարանական ամուր համակարգի և ազատ մամուլի ասպարեզներում: Շատ ոլորտներ կան, որտեղ հնարավոր է համագործակցել»,- նշեց նա: