Թուրքիան խնդիրներ է ստեղծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համար: Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը' Երևանում Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանի հետ համատեղ ասուլիսում: «Միանշանակ պաշտպանելուվ Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը' Թուրքիան փորձում է խցկվել կամ միջամտել միջազգային մանդատ ունեցող եռանախագահների ջանքերին: Կասեի, որ եթե Թուրքիան ցանկանում է օգնել հիմնախնդրի կարգավորմանը, ապա պետք է հնարավորության սահմաններում հեռու մնա այդ գործընթացից»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:
Մի քանի օր առաջ Թուրքիայի ԱԳ նախարարը խոսել է Հայաստանի մասին և նշել, թե իբր Հայաստանն իր բոլոր հարևանների հետ վատ հարաբերություն ունի: Ահմեդ Դավութօղլուն այդ առչությամբ «խորհուրդներ» է տվել ՀՀ արտաքին գործերի նախարարին: Միաժամանակ, Դավութօղլուն խոսել է ԼՂ հակամարտության կարգավորումից:
Երբ Թուրքիան խոսում է այլ երկրի մասին և մատնանշում հարևանների հետ խնդիրը, տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիան իր մասին է խոսում: «Զրո խնդիր հարևանների հետ» գաղափարախոսությունը, որ առկա է Թուրքիայի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունում, հարևանների հետ ունեցած խնդիրների վկայությունն է: «Երբ խոսքը հարևանների հետ խնդիրներ ունենալու մասին է, առաջին հերթին հիշեցնում է Թուրքիային: Հայտնի է, որ «զրո հարևան առանց պրոբլեմի» գաղափարախոսության մասին խոսում են ոչ միայն Թուրքիայի ներսում, այլև դրանից դուրս: Եվ խորհուրդներ տալուց առաջ և այդպիսի մեծամտություն ունենալուց առաջ, պետք է մտածել, որ միգուցե ինքդ ունես նման խորհրդի կարիք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց Էդվարդ Նալբանդյանը: