Ի՞նչ է սպասվում ավելի քան 20 տարվա ընթացքում կոռոզիայի ենթարկված պետությանը
БлогՏարաբնույթ իրադարձությունների և զարգացումների համատեքստում Հայաստանի և ընդհանրապես ամբողջ հայության համար հրամայական է դառնում ստեղծել ներքին և արտաքին մարտահրավերներին ըստ պատշաճի արձագանքող և դիմագրավող ամբողջական մի համակարգ, որին անվանում են պետականություն, իսկ դրա ստեղծման աստիճանական գործընթացը՝ պետականաշինություն:
Հայաստանի երրորդ Հանրապետությունը ստեղծվել է իր կամքից անկախ՝ Խորհրդային Միության փլուզման արդյունքում, այսինքն նախապես չի եղել համակեցական, ինստիտուցիոնալ համակարգ ստեղծելու նախագիծ և, որոշակի իրադարձությունների ճնշման ներքո, ինքնահոս կերպով ձևավորվել է կարճաժամկետ խնդիրներ լուծող, թերզարգացած և արատավոր մի համակարգ: Պետական կառավարման այս մոդելը արիստոտելյան բնորոշմամբ ընդունված է անվանել օլիգարխիա: Այս և այլ բազմաթիվ առանցքային պատճառների արդյունքում պետական ապարատի ինստիտուտների մի մասը կամ ընդհանրապես չի գործում, կամ էլ գործում է թերի՝ էլ ավելի վատթարացնելով իրավիճակը:
Այս ամենին զուգընթաց՝ մարդկությունը, անցում կատարելով դեպի 21-րդ դար, բախվում է նորանոր մարտահրավերների և անլուծելի թվացող խնդիրների, որոնց դիմակայելու համար անհրաժեշտ է ադապտացվել նոր հասարակարգի օրինաչափություններին, ստեղծել ինքնութենական պլացդարմ, որի արդյունքում հնարավոր կլինի խուսափել համահարթեցման ամենակուլ երախից: Եվ այսպես, վերադասավորվող, վերաձևվող այս աշխարհում ո՞րն է Հայաստանի, հայերի տեղը և դերը, ի՞նչ է սպասվում ավելի քան 20 տարվա ընթացքում կոռոզիայի ենթարկված պետությանը, որը նման է հիվանդ մարդու և աստիճանական կերպով սահում է դեպի կործանում:
Սա ամենևին էլ հռետորական հարցադրում չէ, այլ, ընդհակառակը, կան կոնկրետ հասցեատերեր, այն է՝ պետության ընտրախավը (էլիտան):
Կարպիս Փաշոյանի ֆեյսբուքյան գրառումը