Վահան Բաբայանը մեկնաբանել է Ուրիխանյանի՝ ԲՀԿ-ն լքելու մասին խոսակցությունները
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը կուսակցությունից դուրս գալու դիմում չի ներկայացրել:
Այս մասին ԲՀԿ խմբակցության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը՝ անդրադառնալով խոսակցություններին, թե Տիգրան Ուրիխանյանը ցանկանում է լքել ԲՀԿ-ն: «Տիգրան Ուրիխանյանի՝ կուսակցությունը լքելու մասին ես տեղեկություններ չունեմ: Թե որքանով են հավաստի մամուլում տեղ գտած լուրերը նրա հեռանալու ցանկության մասին, ես չեմ կարող ասել, քանի որ Ուրիխանյանը կուսակցությունից դուրս գալու մասին դիմում չի ներկայացրել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Բաբայանը:
ԲՀԿ խոսնակը նաև վստահեցրեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար ֆորսմաժորային իրավիճակը, որն ստեղծվել էր վերջին զարգացումներից հետո, այլևս ավարտված է: «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ԲՀԿ-ի համար ֆորսմաժորային իրավիճակն ավարտված է»,- վստահեցրեց Բաբայանը:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նիստում խմբակցության նոր ղեկավար է ընտրվել Նաիրա Զոհրաբյանը, իսկ քարտուղարի պարտականությունները ստանձնել է Վահե Էնֆիաջյանը: Խմբակցության նիստին չեն մասնակցել Տիգրան Ուրիխանյանը և Աբրահամ Մանուկյանը: Ավելի վաղ Տիգրան Ուրիխանյանը հրաժարվել էր խմբակցության քարտուղարի պարտականությունները ստանձնելու առաջարկից: