Մինչ տարեվերջ Հայաստանի և Քուվեյթի միջև կգործարկվի երկկողմ ավիաչվերթ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Ներկայացնելով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Քուվեյթի Պետություն կատարած պաշտոնական այցի մանրամասները, նախարարը նշեց, որ արդեն կնքվել է համաձայնագիր և Հայաստանը քուվեյթյան կողմին է հատկացրել չվերթերի հինգերորդ ազատության մակարդակ, որով քուվեյթյան ավիաընկերությունները կկարողանան Երևանից չվերթեր իրականացնել այլ ուղղություններով՝ դեպի Եվրոպա և այլն:
«Քուվեյթում եղան մի քանի պայմանավորվածություններ: Քուվեյթի հիմնադրամի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել ենթակառուցվածքային ծրագրեր: Այսինքն' որ ծրագիրը մենք ներկայացնենք, նրանք որպես աջակցություն այն կֆինանսավորեն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առևտրատնտեսական պալատի միջոցով տարբեր ներդրումային ծրագրեր ներկայացնել Քուվեյթի Ներդրումային հիմնադրամին, միաժամանակ, իրենք խնդրել են ներկայացնել նաև ՀՀ-ի ներդրումային ռեժիմի փաթեթը: Քուվեյթյան կողմը շահագրգռված է ներդրումներ իրականացնել գյուղատնտեսության ոլորտում, ենթակառուցվածքային ծրագրերում և շինանյութերի արդյունաբերությունում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ճշմարիտյանը:
Նրա խոսքով, սա պատահական չէ, քանի որ Տնտեսական զարգացման ու համագործակցության միջազգային կազմակերպությունը, որի մեջ մտնում են աշխարհի ամենազարգացած 25 երկրները, ներկայացրել է Հայաստանի վերաբերյալ զեկույց ագրոբիզնեսի և շինանյութերի արդյունաբերության շուրջ: Նախարարի համոզմամբ՝ այս ազդակը շատ կարևոր է ներդրումների համար: Երեկ էլ տեղեկատվություն է ստացվել, որ նշված ոլորտներում գործունեությամբ հետաքրքրված են իտալացի գործընկերները: