ԲՀԿ-ն այլեւս չի լինի երկրորդ խորհրդարանական ուժ. Ահարոն Ադիբեկյան
Политика«Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարկանիշի անկման մասին խոսել դեռ վաղ է, քանի որ հանրային կարծիքի ձեւավորման համար ժամանակ է հարկավոր: Մոտ երեք ամիս անց հանրությունն արդեն կարող է կարծիք արտահայտել իր կողմնորոշումների հետ կապված», - այս մասին Orer.am-ի հետ զրույցում նշեց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Ըստ սոցիոլոգի` ԲՀԿ-ի շարքերը լքողների թիվը դեռ կաճի. «ԲՀԿ-ն հիմնականում գոյատեւում էր պարոն Ծառուկյանի կարողությունների շնորհիվ, նրանք ուժեղ էին իրենց համայնքապետերով, նրանք կոալիցիայի անդամ էին, ունեին իշխանական լծակներ` նախարարներ, իսկ հիմա այդ ամենն անհետացել է: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության զգալի մասը մտել էր տվյալ կառույց Գագիկ Ծառուկյանի միջոցով, սակայն այդ մարդիկ եւս կհեռանան, կմնա մի փոքր խմբավորում, որը պարզ չէ, թե ինչպես կգոյատեւի, որովհետեւ դա բավական մեծ գումարային ծախսերի հետ է կապված: Իրենք չունեն անդամավճար, որ գոյատեւեն, եւ անհայտ է այն փաստը, թե ով կդառնա նրանց հաջորդ ֆինանսավորողը»: Ահարոն Ադիբեկյանը, սահմանադրական փոփոխությունների եւ հաջորդ խորհրդարանական ընտրությունների հետ կապված, նկատեց. «Եթե լինի սահմանադրական փոփոխություն, անցկացվի հանրաքվե, ապա պարզ կտեսնենք, որ ԲՀԿ-ն կլինի 5%-ի շեմին: Նրանք Արամ Սարգսյանի, Բազեյանի նման կլինեն երրորդ շարքի քաղաքական գործիչներ: Բացառվում է, որ ԲՀԿ-ն լինի երկրորդ խորհրդարանական ուժ: Երկրորդ խորհրդարանական ուժի հավակնորդներ կարող են լինել «Օրինաց Երկիր» եւ «Ժառանգություն» խմբակցությունները»: Orer.am-ի այն հարցին, թե ո՞վ կգրավի խորհրդարանում ԲՀԿ-ի ներկայիս տեղը, սոցիոլոգը պատասխանեց. «Շատ կարեւոր են հաջորդ Ազգային ժողովի ընտրությունները, այդ ժամանակ արդեն վերջնական վերաբաշխում կլինի, եւ կկարողանանք ասել, թե ով է առաջինը, երկրորդը եւ երրորդը: ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը եւ «Ժառանգությունը» ունեն շանսեր, որպեսզի դառնան երկրորդ խորհրդարանական ուժ: Այստեղ մեկ նկատառում` երկրորդ ուժ է հանդիսանում այն ուժը, որը կոալիցիայի անդամ է լինում: Այս պարագայում էլ պետք է հիշենք` ՀՀԿ-ն հայտարարել է, որ իրենք կոալիցիայի պահանջ չունեն, եւ միայն ցանկության դեպքում այդ քաղաքական ուժերը կարող են միավորվել ՀՀԿ-ին: Սոսե Չանդոյան