«Լոյս ի լուսոյ». 100 խորհրդանշական համերգ՝ Տիգրան Համասյանի կողմից
КультураՏիգրան Համասյանի «Լոյս ի լուսոյ» խորագիրը կրող համերգաշարը կմեկնարկի մարտի 24-ին Երևանում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նոր ծրագրի շրջանակում Համասյանը կհամագործակցի է Երևանի պետական կամերային երգչախմբի հետ:
Երաժիշտները «Լոյս ի լուսոյ» համերգաշարով հանդես կգան նաև Արևմտյան Հայաստանի հայկական եկեղեցիներում և Ստամբուլի համերգասրահում:
«Ցեղասպանությունը չպետք է ներկայացնենք լաց ու կոծով, այլ, ընդհակառակը, ցույց տանք, որ մեզ սպանելուց հետո էլ մենք կարողացել ենք ոտքի կանգնել և հիմա ունենք մշակույթ, որով կարող ենք դրսում ներկայանալ: Թուրքիայում ելույթները շատ եմ կարևորում և, կարծում եմ, մենք պետք է ներկայացնենք մեր հոգևոր երաժշտությունն այնտեղ, որտեղ այն սկիզբ է առել», - նշեց Տիգրան Համասյանը:
«Լոյս ի լուսոյ» համերգային ծրագիրը ներառում է բացառապես հոգևոր երգեր:
«Մեր հոգևոր երաժշտությունը բաղկացած է գանձերից, և մենք պետք է հպարտանանք, որ նման ժառանգության տեր ենք»,- նշեց Համասյանը:
Համերգին հայ հոգևոր երաժշտությունը կհնչի նոր մեկնաբանությամբ: Կներկայացվեն հատվածներ Պատարագից, Կոմիտասի, Շնորհալու, Նարեկացու և Մաշտոցի ստեղծագործությունները:
«Տիգրան Համասյանի այս ծրագիրը բացառիկ դեր ունի առաջին հերթին մեզ համար, մեր երիտասարդության համար' նրան բերելու հոգևոր դաշտ, հոգևոր արժեքների համակարգ: Մյուս կողմից' Տիգրան Համասյանի մեկնաբանությունը շատ գրավիչ է և օտարին արագ կարող է հետաքրքրել և սիրո կապ ստեղծել մեր հոգևոր մշակույթի հետ»,- ասաց Երևանի պետական կամերային երգչախումբի ղեկավար Հարություն Թոփիկյանը:
Դեկտեմբերին համերգային շարքը կամփոփվի ԱՄՆ-ում: