Որքա՞ն գումար կարելի է աշխատել Tsu սոցիալական ցանցում. Սամվել Մարտիրոսյան
ОбществоՄեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր անդրադարձել է համացանցի օգտատերերի շրջանակներում վերջին շաբաթվա մեջ արագ տարածում գտած TSU սոցիալական ցանցի մասին,- հայտնում է Orer.am-ը:
Հայտնի փաստ է, որ կայքը մարդկանց «գայթակղեց» ակտիվության համար գումարային խրախուսմամբ: Ըստ Սամվել Մարտիրոսյանի՝ ներկայումս այնտեղ մեծ գումարներ անհնար է վաստակել, օրեկան մոտ 15 ցենտ, իսկ փողը կարելի է հանել, երբ այն կկուտակվի և կհասնի 100 դոլար: Բանախոսը նշեց,որ ինքն անձամբ այս 6 օրերի ընթացքում աշխատել է 25 ցենտ:
Մարտիրոսյանն արեց հետևյալ դիտարկումը.«Միջին օգտատերը լուրջ գումար չի վաստակի: Եթե Հենրիխ Մխիթարյանը մտնի և սկսի գրել այնտեղ, բավականին լուրջ փող կվաստակի, քանի որ նրա գրառումները շատ են տարածվում»:
Սամվել Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ սոցիալական կայքում արդեն կան 10 հազ. հայաստանցի օգտատեր: Ըստ նրա՝ թիվը այնքան մեծ չէ, սակայն եթե հաշվի ենք առնում, որ այդքան մարդ գրանցվել է վերջին մի քանի օրերին, արդեն լուրջ ցուցանիշ է: Ս. Մարտիրոսյանը հայտնեց, որ Tsu սոցիալական ցանցում այսօր առավել ակտիվ են ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Հնդկաստանից: Մեդիափորձագետի տվյալներով՝ հայաստանցիներս ամենաշատը գրանցված ենք օդնոկլասսնիկի կայքում:
Խոսելով կայքի անվտանգության մասին՝ Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ եթե որևէ կայքում https գոյություն չունի, դա նշանակում է, որ երրորդ անձինք կարող են ներթափանցել ձեր գրառումների մեջ: Փորձագետը նաև ավելացրեց, որ ժամանակի ընթացքում ցանցի անվտագության հարցերը ավելի տեսանելի կլինեն:
Լևոն Փանոսյան