Անմեղսունակ «թվիթերիստը»
ПолитикаԱնմեղսունակ ձևանալը Արևմուտքի քաղաքականության այն բաղադրիչներից է, առանց որի անհնար է պատկերացնել Արևմուտքի քաղաքականությունը: Պատկերացնո՞ւմ եք, եթե մարտի 19-ին տեղի ունեցած ադրբեջանցիների դիվերսիոն խմբի հարձակման մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերում գրառում կատարելու փոխարեն նույնն ասեր հայտարարությամբ. ասեմ, որ կլիներ շատ ստանդարտ տեսարան՝ Ուորլիքի դեմքին կլիներ ամերիկյան ավանդական ժպիտն` իր ոչինչ չասող աչքերի արտահայտությամբ, և այդ անմեղսունակի հայացքով ԱՄՆ համանախագահը հակամարտող երկու կողմերին էլ հանդարտության կոչ կաներ՝ ասելով, թե կողմերի գործողությունները վնասում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Բայց ի՞նչ կարգավորման մասին է խոսքը գնում, այն կարգավորման, որը ստանձնել էր ԵԱՀԿ-ն, սակայն մինչ օրս այդպես էլ չի՞ կարողանում իրականացնել:
Կարգավորում չէ, այն էլ՝ խաղաղ կարգավորում. կարծես թե ԵԱՀԿ-ն էլ երբևէ կարողացել է պահել այդ խաղաղությունը, և երբևէ Ադրբեջանը հաշվի է առել նրա հայտարարությունները...
Բայց ԵԱՀԿ Մինսկի խումբը համառորեն շարունակում է իր «գործունեությունը», Ուորլիքն էլ չի մոռանում Թվիթերում գրառումներ կատարելու ձևը: Եվ դժվար թե նա երբևէ ինքն իրեն հարց տա, թե արդյո՞ք այս ամբողջ ընթացքում իր հայտարարությունները երբևէ որևէ դրական ազդեցություն ունեցել են, թե՝ ոչ:
Նման հարց իրեն չի տան, որովհետև ամերիկացի է: Իրենք իրենց նման հարց չեն տա նաև հայ արևմտամետներից շատերը, չեն դժգոհի, թե ինչու ամերիկացի համանախագահը հերթական անգամ հավասարության նշան է դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև, այն դեպքում, երբ հրահրողը, սադրողը, հրադադարի ռեժիմը խախտողը միանշանակ Ադրբեջանն է:
Չեն տա, որովհետև իրենք ամերիկացի չեն, բայց ամերիկացիներից սնվող են: Ի դեպ, ԵԱՀԿ-ի անպետքության մասին բազմիցս ասել եմ, հարկ լինի՝ կրկին կասեմ, որ ԵԱՀԿ-ն, Մինսկի խմբի համանախագահներով հանդերձ, իր այս անմեղսունակի պահվածքով դառնում է Ադրբեջանի ագրեսիայի լուռ հովանավորը:
Կարեն Վարդանյան
Orer.am, վերլուծաբան