Թե ինչու են ԱԺ պատգամավորները Պերմյակովին ՀՀ հանձնելու հարցում այսքան պասիվ. քաղաքագետ
ПолитикаԱյսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած՝ «Վալերի Պերմյակովին ՀՀ-ին փոխանցելու մասին» նախագիծը արտահերթ կարգով ԱԺ օրակարգ մտցնելու հարցը քվեարկության դրվեց և մերժվեց՝ 42 «կողմ», 0 «դեմ» 1 «ձեռնպահ» քվեարկությամբ:
Նկատենք, որ տարբեր խմբակցությունների պատգամավորների հետ զրույցում պարզ է դարձել, որ նրանցից շատերը պարզապես դեմ են խառնվել այն հարցին, որն անմիջապես գտնվում է ՀՀ գլխավոր դատախազի հսկողության ներքո: Թե ինչի՞ մասին է վկայում պատգամավորների այս պասիվ պահվածքը` աղմկահարույց եւ բոլորիս համար կարեւոր հարցի վերաբերյալ, Orer.am-ը ճշտեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանից, ով նշեց.
«Սա մեկ բանի մասին է վկայում, որ Հայաստանի իշխող կուսակցությունը կամ քաղաքական ղեկավարությունը նպատակահարմար չի գտնում զբաղվել այդ գործով»:
Իսկ թե ի՞նչն է պատճառը, որ ՀՀ ղեկավարությունը, այնուամենայնիվ, նպատակահարմար չի գտնում զբաղվել Պերմյակովին Հայաստանին հանձնելու հարցով, քաղաքագետը նշեց.
«Իմ կարծիքով, նպատակահարմար չեն գտնում այս պահին զբաղվել այդ խնդրով, որովհետեւ այս պահին դժվար թե դա հնարավոր է անել, հավանաբար դրա իրավական մեխանիզմը մենք չունենք»:
Orer.am-ի այն հարցին, թե արդյո՞ք այս խնդրում ոչ թե իրավական, այլ քաղաքական ենթատեքստն է գերակշռում, Ս. Մինասյանը պատասխանեց. «Քաղաքական ենթատեքստ կա, իհարկե, այն է` Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ եղած հարաբերությունները, որոնք անվտանգության տեսանկյունից առաջնահերթ են: Այս ամենի արդյուքնում էլ Ռուսաստանի հետ հարաբերություններում ինչ-որ հարցի շուրջ ծավալված խնդիրները, որոնք չեն վերաբերում ազգային անվտանգության հարցերին, համարվում են ոչ նպատակահարմար»:
Ըստ քաղաքագետի` Հայաստանի կողմից իրականացվող կտրուկ գործողությունները կարող են լուրջ խնդիրների առջեւ կանգնեցնել մեր պետությանը. «Դրանք կարող են հանգեցնել լուրջ խնդիրների կամ էլ, օրինակ, այդ քայլերը պարզապես կարող են իմաստ չունենալ, իսկ եթե ինչ-որ քայլ կատարելը որեւէ արդյունքի չի բերելու, ապա ինչո՞ւ գնալ այդ քայլին»:
Սոսե Չանդոյան