Ադրբեջանում տագնապ է. նավթի մեկ բարելը կարող է ընկնել 15 դոլար
ЭкономикаԱդրբեջանի իշխանությունները լրջորեն տագնապած են վերջին կանխատեսումներով, որոնց համաձայն նավթի համաշխարհային գինը մեկ բարելի դիմաց կարող է ընկնել մինչև 15 դոլար:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլըգ» թերթը՝ նշելով, որ նման կանխատեսմամբ հանդես է եկել էներգակիրների շուկայի հայտնի գիտակ Դենիս Գարթմանը:
Նա այդ եզրակացությանն է հանգել՝ ուսումնասիրելով նավթի համաշխարհային շուկայում նավթի պահանջարկի նկատմամբ առաջարկի խիստ աճի և այլ արժույթների նկատմամբ դոլարի ուժեղանալու փաստը:
Ուշագրավ է, որ ՕՊԵԿ-ում Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչ Մուհամեդ ալ Մադին անցած կիրակի Էր Ռիադում անցկացված էներգետիկայի համաժողովի ետնաբեմում հայտարարել է, թե հազիվ հնարավոր է, որ նավթի մեկ բարելի գինը վերադառնա նախկին՝ 100-120 դոլար մակարդակին:
«Մենք հասկանում ենք, որ բոլոր պետություններին բարձր եկամուտ է հարկավոր...Մենք էլ ենք դա ուզում, բայց ուզում ենք ոչ միայն մեզ համար, այլ նաև ապագա սերունդների համար», -նրա խոսքը մեջ է բերել բահրենյան «Ալ Վասաթ» թերթը:
Մեկնաբանելով նավթի ցածր գներով տարածաշրջանում իր գլխավոր մրցակից Իրանին թուլացնելու վերաբերյալ Սաուդյան Արաբիայի հետաքրքրության և ԱՄՆ-ում թերթաքարի նավթի արդյունահանման նվազման մասին տեղեկությունները՝ նա ընդգծել է, որ նավթային ոլորտում իր գործողություններում թագավորությունը քաղաքական դրդապատճառներով չի առաջնորդվում:
«Նավթի նախարարությունը հաշվարկները չի կատարում՝ ելնելով քաղաքական դրդապատճառներից: Մենք հանդես չենք գալիս որևէ մեկի դեմ, հակառակը, մենք դա ողջունում ենք, քանի որ թերթաքարի նավթի արդյունահանման զարգացումը երկարաժամկետ հեռանկարում կհանգեցնի հավասարակաշռության շուկայում», - հավելել է ալ Մադին:
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը հայտնել է, որ Թուրքիայի Ջեյհան նավահանգստով արտահանվող ադրբեջանական թեթև նավթի գինն այս օրերին մեկ բարելի դիմաց կազմել է 48,65 դոլար, իսկ Նովոռոսիյսկով արտահանվող նավթի գինը՝ 44,4 դոլար:
Միջազգային ԶԼՄ-ները հայտնում են, որ Նյու Յորքի NYMEX ապրանքային սակարանում մարտի 22-ին WTI նավթի մեկ բարելի գինը կազմել է 45,95 դոլար, իսկ Լոնդոնի ICE սակարանում Brent տեսակի նավթի գինը՝ 54,8 դոլար:
Ավելորդ չէ հիշեցնել, որ Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերթքները, իսկ երկրի պետբյուջեն 87 տոկոսով ձևավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:
Ադրբեջանի 1915 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից ցածր է մոտ 44 դոլարով: