Ասենք, որ նախագահը խոսեց, ի՞նչ փոխվեց, կարո՞ղ ա ռուսը էլ զենք չծախի. Սեյրան Սարոյան
ПолитикаԻնչպես արդեն տեղեկացրել էինք, օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա համաժողովում խոսել է մի շարք հարցերի մասին:
Պատասխանելով ռուս լրագրողի հարցին, թե ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը, լինելով ՌԴ-ի դաշնակից երկիր, ինչպե՞ս է վերաբերում նրան, որ Ռուսաստանը զենք է վաճառում ԼՂ հակամարտության կողմերին, Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե այդ խնդիրը պետք է լուծում ստանա. «Այս ընթացքում, ՀՀ ԶՈՒ ստեղծումից ի վեր, մենք որեւէ այլ երկրից չենք ստացել Ռուսաստանից ստացած օժանդակության նույնիսկ մեկ տոկոսը, այնպես որ՝ երախտապարտ ենք եւ շնորհակալ մեր դաշնակցին՝ մեզ օժանդակելու համար: Բայց ինչպես հայերն են ասում՝ բոլոր երնեկները մի տեղ չեն լինում, ուստի այս հարաբերություններում մեզ անհանգստացնում է, որ ՌԴ-ն, ելնելով տարբեր դրդապատճառներից, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, եւ այստեղ խնդիրը սպառազինության որակը չէ, խնդիրն այն է, որ մեր սահմանին կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքով: Սա է ամենաբարդ հանգամանքը, եւ սա է, որ կարող է վատ ազդեցություն ունենալ մեր հարաբերությունների վրա, որովհետեւ տեւական ժամանակ՝ 250 տարվա ընթացքում, հայերը եւ ռուսներն ապրել են կողք կողքի, ունեցել են ընդհանուր հակառակորդներ, թշնամիներ, եւ իրենց երկրում արտադրված զենքերից իրար վրա չեն կրակել: Սա խնդիր է, որը պետք է լուծում ստանա»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նախագահի հայտարարության հետ կապված, Orer.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի հետ, ով նշեց. «Ռուսաստանն ասում է, որ իրենք բոլոր երկրներին էլ զենք են վաճառում: Ասենք, որ նախագահը խոսեց, ի՞նչ փոխվեց, կարո՞ղ ա ռուսը էլ զենք չծախի, մենակ հո խոսալով չի, ասենք, որ ասեցին, ի՞նչ ա փոխվելու: Եթե ռուսի հետ էլ վատամարդ եղանք բա հետո ի՞նչ ենք անելու, ասա իմանամ»:
Հարցին` արդյո՞ք Ռուսաստանի կողմից ճիշտ է այն քայլը, երբ իր դաշնակցի թշնամուն զենք է վաճառում, Ս. Սարոյանը պատասխանեց. «Իհարկե, Ռուսաստանը սխալ է անում, որ Ադրբեջանին զենք է վաճառում, էտ զենքը մի օր Ռուսաստանի դեմ ա կռվելու»:
Իսկ այն հարցին, թե ճի՞շտ է այն տարածված տեսակետը, թե ադրբեջանցիները չեն կարող ճիշտ կիրառել իրենց իսկ տիրապետության տակ գտնվող անգամ ամենահզոր զենքը, Սարոյանը պատասխանեց.
«Ինչի՞ չեն կարա, խի՞ էտքան ախմախ են, իհարկե կարան, ցիրկում արջին հեծանիվ քշել սովորացնում են, ադրբեջանցուն կրակել չե՞ն սովորացնի»:
Սոսե Չանդոյան