Սահմանին իրավիճակը վերահսկելի է. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
ОбществоՀայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը վերահսկելի է: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:
«Իրավիճակը սահմանին այս պահին վերահսկելի է: Ճիշտ է, կա որոշակի լարվածություն, որը ստեղծում է հակառակորդը՝ հավանաբար ցանկություն ունենալով խաթարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, սակայն իրավիճակը մեր կողմից ամբողջությամբ վերահսկվում է»,- հայտարարեց Նազարյանը:
Հարցին, թե ո՞րն է հակառակորդի ակտիվացման պատճառը, Արա Նազարյանը կրկնեց, որ Հայաստան-Ադրբեջան սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածություն ստեղծելու եղանակով Ադրբեջանը փորձում է խաթարել ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը՝ չցանկանալով, որպեսզի այդ գործընթացը հասնի իր տրամաբանական ավարտին:
Անդրադառնալով խոսակցություններին, թե սահմանին պետք է կանգնեն միայն պրոֆեսիոնալ զինվորականներ, ոչ թե 19-20 տարեկան երիտասարդներ՝ Արա Նազարյանը վստահեցրեց, որ սահմանին կանգնում են միայն պրոֆեսիոնալ զինծառայողներ՝ վստահեցնելով, որ դիրքերում պատահական մարդ երբեք չի հայտնվում: