Հակառակորդի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձերի թիվը մտահոգիչ է. Դ. Սանասարյան
Общество«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը մարտի 19-ին ադրբեջանցիների հերթական հարձակումից հետո առաջարկել է հաշվեհամար բացել և հավաքված հասույթով բանակի հետ միասին գիտնականներին պատվիրել դիվերսիոն ներթափանցումները կանխելու համար ժամանակակից համակարգեր:
Orer.am-ը զրուցել է Դավիթ Սանասարյանի հետ՝ ճշտելու, թե ինչ արձագանք ստացավ նրա առաջարկը, և ինչպիսի աշխատանքներ են տարվում, որպեսզի իրականացվի գաղափարը: Սանասարյանը փոխանցեց, որ բազմաթիվ նամակներ և հեռախոսազանգեր է ստացել գիտնականներից, նորագույն տեխնոլոգիաների մասնագետներից, ովքեր ցանկանում են ունենալ այդ սարքավորումները: Մեր զրուցակիցը նշեց, որ այս կոչին պետք է արձագանքի կառավարությունը:
Նա նաև հաղորդեց, որ որոշակի տեղեկություն ունի այդ ուղղությամբ տարվող ՊՆ-ի քայլերի և պիլոտային ծրագրերի վերաբերյալ: «Այս խնդրի վերաբերյալ տարբեր օղակներում և տարբեր մարդկանց կողմից առաջարկներ են արվել: Ես կարծում եմ՝ ժամանակն է, որ բոլոր շահագրգիռ կողմերը միավորվեն և կլոր սեղանի շուրջ քննարկեն սա: Վստահ եմ, որ կհաջողվի գալ միասնական որոշման և հայտարարի»,- ասաց Դ. Սանասարյանը:
Հարցին՝ արդյո՞ք առաջիկայում դրամահավաքի համար պետք է ստեղծվի հիմնադրամ, Դավիթ Սանասարյանը պատասխանեց, որ հստակ չի կարող ասել, քանի որ ինքը միայնակ չէ այս գործում: Նա հավելեց. «Սա իմ կողմից է գրվել, բայց իմ օրիգինալ մտահղացումը չէ: Այս մասին տարբեր մարդիկ են խոսել, ես ուղղակի ի մի բերեցի այդ մտքերը: Առաջիկայում կլինեն հանդիպումներ, և քննարկումների արդյունքում կորոշենք՝ հիմնադրամ կստեղծվի՞, թե՞ այլ տարբերակներ կլինեն: Մի դրամ անգամ չենք հավաքի մարդկանցից, եթե հստակ պատկերացումներ ու նախագծեր չունենանք»:
Ըստ Դավիթ Սանասարյանի՝ կարևոր է, որ այդ բոլոր գյուտերը փորձարկվեն, և ընտրվի ամենահարմար տարբերակը, որն էլ կամրացվի սահմաններում:
Լևոն Փանոսյան