«Մտքի գոհարներ»` «Հիմնադիր խորհրդարանից»
Политика«Հիմնադիր խորհրդարանի» գործունեությունը հատկապես վերջին շրջանում աչքի է ընկնում ուշագրավ հայտարարություններով և մտքերով, որոնք, մեղմ ասած, մտածելու տեղիք են տալիս: Մտածելու ոչ թե դրանց բովանդակության և դրանք իրականացնելու մասին, այլ այն մասին, թե ինչ տրամաբանությամբ են դրանք արվել:
Օրինակ` օրեր առաջ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր, թե բանակում 18 տարեկան երիտասարդներն առաջին գծում չպետք է լինեն, իսկ նրանց փոխարեն առաջին գծում պետք է ծառայեն տարիքով ու փորձառու պայմանագրային զինծառայողները, որոնց քանակը պետք է լինի առնվազն 5 անգամ պակաս այսօրվա՝ սահմանը պահող զինվորների քանակից: Բացի այդ, առաջին գիծն իբրև պետք է սարքավորվի միանգամայն այլ տարբերակով և այլն, և այլն:
Առնվազն տարօրինակ է, որ պատերազմ անցած մարդն այսպիսի լարված իրավիճակում ցանկանում է սահմանին 5 անգամ քչացնել զինվորների քանակը: Անհասկանալի է, թե ինչ հաշվարկներ են, և ինչ՝ այլ տարբերակով սարքավորվելու մասին է խոսքը: Ընդամենը վերացական միտք և կոնկրետ ոչինչ: Սա մոտավորապես նույնն է, ինչ եթե տնտեսականի դեպքում ասեն՝ ժողովուրդ, սպասեք, շուտով հեղափոխությունը կանենք, ձեր աշխատավարձերը կբարձրանան 10 անգամ, թոշակները՝ 20 անգամ, ապրանքների գները կիջնեն 30 անգամ, բոլորը կստանան առանձնատներ և մեքենաներ...
Սա է մեր ընդդիմության գործելաոճն առհասարակ՝ մարդկանց ոտքի հանելու փորձեր անել ոչ թե իրատեսական ծրագրերով, այլ պարզապես «մտքի գոհարներ» շաղ տալով: Ի դեպ, սրանք վերջին «մտքի գոհարները» չէին «Հիմնադիր խորհրդարանի» կողմից: Ավելի ուշ էլի եղան, բայց այդ մասին՝ հաջորդ դասին:
Կարեն Վարդանյան
Orer.am, վերլուծական